Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ՉԺՀ կազմավորման 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին


Չինաստանի նախագահը Պեկինում ընդունում է Հայաստանի վարչապետին, 14-ը մայիսի, 2019թ․
Չինաստանի նախագահը Պեկինում ընդունում է Հայաստանի վարչապետին, 14-ը մայիսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել երկրի նախագահ Սի Ծինփինին և վարչապետ Լի Քեցյանին:

«Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդա­կան Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին:

«Մենք Հայաստանում ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդա­կան Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական առաջըն­թացին, նորարարական ոլորտի զարգացմանը և մշակութային վերելքին: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ընդլայնումը և միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների և ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակար­դակի բարձրացնելու համար: Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար», - Չինաստանի նախագահին գրել է Հայաստանի վարչապետը:

Լի Քեցյանին Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում մասնավորապես ասված է․ - «Չինաստանը ժամանել է իր պատմության այս նշանակալի հանգրվանին՝ բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրելով պետության և հասարակության կա­ռուց­ման, տնտեսական առաջընթացի, նորարարությունների և մշակութային զարգաց­ման ոլորտներում: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավան­դա­կան բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևո­ղա­կան ամրապնդմանն ու խորացմանը: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ առաջ կմղեն հայ-չինական բարեկամության և համագործակցության օրակարգը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG