Երկրաշարժից հետո Գյումրիի բարձրահարկերի բնակիչները ժամեր շարունակ դրսում էին

Արխիվային լուսանկար

Երեկ երեկոյան ժամը 20:22-ին գրանցված 6-7 բալլ ուժգնությամբ երկրաշարժը Սպիտակի օջախային գոտին է ընդգրկում: Առավել ուժեղ զգացվել էր Բավրա համայնքում, որը երկրաշարժի օջախից 13 կմ հեռավորության վրա է գտնվում: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Հյուսիսային բաժանմունքի պետ Կարեն Մխիթարյանն ասում է, որ ուժեղ երկրաշարժին հաջորդել են երեք տասնյակից ավելի հետցնցումներ:

«Մինչև լուսաբաց դիտարկումներ են իրականացվել, 21։30-ից մինչև առավոտյան ժամը 8-ը տեղի է ունեցել ևս երկու երկրաշարժ. մեկը՝ 3,1 մագնիտուդի, մեկը՝ 2,3, որոշ հաշվարկներով նաև 2,5 մագնիտուդի։ Ամեն դեպքում, երկրաշարժերի պարբերականությունը, հաճախականությունը քչացել է։ Հետևություն ենք անում, որ ընդհանուր, խոշոր երկրաշարժից հետո տեղի ունեցած էդ էներգետիկ պարպումները և թվով 30 երկրաշարժերը էներգիայի պարպումներ են հարուցել», - նշեց Մխիթարյանը։

Հետցնցումները մինչ այս պահը շարունակվում են: Մասնագետները կայաններից ստացված տվյալներն են վերլուծում:

ՍՊԱԾ հյուսիսային բաժանմունքի պետը փաստում է, որ գրանցված առաջին ուժեղ երկրաշարժն ուղեկցվել է ուժեղ ձայնով. «Առաջին երկրաշարժն ուղեկցվել է ձայնային նախանշաններով, այսինքն թվացել է, թե պայթյուն է և այլն հենց էպիկենտրոնային գոտում, չնայած, որ Գյումրի քաղաքի բազմաբնակելի բարձրահարկ շենքերի բնակիչները ևս զգացել են որոշակի ձայնային երևույթներ»։

Երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիի հատկապես նորակառույց Մուշ ու 88-ի աղետի ժամանակ կանգուն մնացած 9 հարկանի շենքերի բնակիչները ժամեր շարունակ դրսում են եղել:

«Տունն ենք եղել, ցնցումները ուժեղ էր, սաղ դուրս փախան բացի ինձանից։ Ես չեմ վախենա», - ասաց բնակիչներից մեկը։

«Բոլորը դուրսն էին, գրկախառնված բոլորը իրանց էրեխեքով, որը իրանց էրեխեքին վերցրեցին տեղափոխվան իրանց հայրական տները, որը որ սեփական տներ են, որը որ չէ՝ մնացինք, ահագին վախտ մնացինք՝ մի ժամի չափ, հետո նորից բարձրացանք վերև», - պատմեց մեկ այլ բնակիչ։

Գյումրիում հատկապես վտանգավոր են համարվում 88-ի երկրաշարժի հետևանքով վթարային դարձած շենքերը։ 6 բալլանոց երկրաշարժը, մասնագետների համոզմամբ, դրանց համար իսկական փորձարկում էր: Սեյսմիկ ծառայության մասնագետները առավել վտանգավոր շենքերում դիտարկում են անցկացրել, ասում է Կարեն Մխիթարյանը:

«Ամենառիսկայինները, որոնք կարող էին 5 ու ավելի բարձր ինտենսիվության պարագայում վնասված լինել, բարեբախտաբար ինքնափլուզումներ, լուրջ վնասվածքներ նույնիսկ վթարայիններում չկան», - նշեց Մխիթարյանը։

Ի դեպ, Սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունքի պետն ասում է, որ երեկ երեկոյան լուրջ խնդիր են ունեցել՝ կապը գրեթե չի գործել:

«Շիրակի մարզում և մասնավորապես հյուսիսում շատ գերծանրաբեռնված էր կապը, այսինքն՝ օպերատիվ կերպով մենք չենք կարողացել ո՛չ նախարարության հետ, ո՛չ վերադասի հետ կապ հաստատել», - ընդգծեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Հյուսիսային բաժանմունքի պետը։

Երկրաշարժից հետո երեկոյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել: Համայնքներից նաև վնասված շենքերի մասին տեղեկություններ են ստացվել:

«Արթիկի քաղաքապետից եմ ստացել նաև, որ իրենց մի քանի վնասված շենքերում հատկապես ունեն նոր ճաքեր։ Հիմա մենք բոլոր տեղերը ուղարկում ենք մասնագիտական թիմերը ԱԻՆ-ի ծառայության, Սեյսմիկ պաշտպանության, որպեսզի իրենք գնահատականներ տան։ Գյումրիում մեկ դպրոցի պատուհաններ են տեղաշարժի խնդիր ունեցել, հին փայտյա պատուհաններ են եղել, այնտեղ էլ կարծես թե էլի որևէ բան չկա», - ասաց Պետրոսյանը։

2 դպրոցներում դասերը դադարեցնելու որոշում է կայացվել․ տեղում, ըստ մարզպետի, մասնագետներն ուսումնասիրել են վնասվածության աստիճանը:

«Մենք արագ նաև մասնագետների կողմից այդ քննարկումը բերեցինք այն եզրահանգման, որ մենք առավոտյան մինչև մեր աշխատանքային խմբերի հասնելն արդեն դասավանդման պրոցեսը որոշել էինք մեկ օր հետաձգել, տեղափոխել շաբաթ աշխատանքային օր, և արդեն տեղում մեր մասնագետները նայեցին, որ որևէ բան չի խանգարում, էդ կոսմետիկ մասը կշտկվի, դասերը վաղվանից այդ դպրոցներում կվերականգնվեն», - ընդգծեց Տիգրան Պետրոսյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն լուրջ վնաս շենքերին չկա՞, Պետրոսյանը պատասխանեց. «Մենք էդ կարգի գնահատականներ չունենք»։

Սեյսմիկ ծառայության հաղորդագրության համաձայն՝ հետցնցումների թիվը հարյուրից անցնում է, իսկ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: