Մատչելիության հղումներ

Կարելի է եզրակացնել, որ երեկվա երկրաշարժից հետո սեյսմիկ ակտիվությունը նվազում է․ ԱԻՆ


Արխիվային լուսանկար

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք գրանցված 4.8 մագնիտուդով, 6-7 բալլ ուժգնությամբ երկրաշարժից հետո այսօրվա ժամը 05:00-ի դրությամբ գրանցվել են 1.0-3.7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցումներ, որոնք համեմատաբար թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Այդ մասին ասված է Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրությունում:

«Երկրաշարժը հարում է Ջավախքի ընդարձակման գոտուն (հրաբխային բարձրավանդակին)։ Ջավախքի հրաբխային բարձրավանդակը և հարակից տարածքները հատում են մի շարք ակտիվ խզվածքներ, որոնց հետ են կապված ինչպես պատմական, այնպես էլ արդի ժամանակաշրջանի բազմաթիվ երկրաշարժեր: Ջավախքի ընդարձակման գոտին բնութագրվում է երիտասարդ հրաբխականությամբ և մեծ թվով թույլ և միջին ուժի երկրաշարժերով: Այս գոտու բարձր սեյսմիկության դրսևորումը կարող է բացատրվել գոյություն ունեցող հրաբխային օջախներով», - մանրամասնում է ԱԻՆ-ը:

Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:

«Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ: Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ: Հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG