Մոսկվայում վաղվա հանրահավաքի մասնակիցներին այսօր հրավիրել են ոստիկանություն

Ընդդիմադիրների բողոքի ակցիան Մոսկվայում, հուլիս, 2019թ․

Շաբաթ օրը նախատեսված բողոքի ակցիայի մասնակիցներին այսօր հրավիրել են ոստիկանություն։ Այդ մասին հայտնում է կազմակերպիչներից Էլվիրա Միխարևան։

Նա ասել է, որ իրեն զանգահարել է ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի ղեկավար Ալեքսանդր Մախոնինը և այսօր 13։00-ին հրավիրել ոստիկանություն՝ քննարկելու վաղվա հանրահավաքի մանրամասներն ու անվտանգության միջոցառումների հետ կապված հարցեր։

Միխարևան նշել է, թե բոլոր մանրամասները կազմակերպիչներն արդեն քննարկել և համաձայնեցրել են քաղաքապետարանի հետ։

«Ամեն դեպքում, ես համաձայնել եմ գնալ ոստիկանություն իմ փաստաբանի ուղեկցությամբ», - «Դոժդ» հեռուստաընկերությանը երեկ ուշ երեկոյան ասել է ընդդիմադիրների հավաքի կազմակերպիչներից մեկը։

Վաղը ցերեկը Մոսկվայի Սախարովի պողոտայում կանցկացվի բողոքի արտոնված երթ։ Փորձագետները կարծում են, որ հավաքը չափազանց մարդաշատ է լինելու վերջին երկու չարտոնված հավաքներից հետո, երբ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ։

Հիշեցնենք՝ «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, մոսկվացիների մեկ երրորդից ավելին աջակցում է ցուցարարներին։

Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին չգրանցված թեկնածուներից շատերն անազատության մեջ են և չեն կարող մասնակցել բողոքի երթին, սակայն կազմակերպիչները նախատեսում են ոչ միայն երթ, այլ նաև հանրահավաք անցկացնել և պահանջներ ներկայացնել իշխանություններին։

Երեկ բողոքի ցույցին մասնակցելու կոչ է արել ռուսաստանցի ամենահայտնի բլոգեր և լրագրող Յուրի Դուձը, ով ասել է, որ ցույցերին չմասնակցելն ամոթ է, և իր աջակիցներին կոչ է արել մասնակցել օգոստոսի 10-ի հանրահավաքին։

Բողոքի ցույցից առաջ երեկ հերթական անգամ ազատության մեջ հայտնվել ու րոպեներ անց նորից կալանավորվել է ընդդիմադիր ակտիվիստ Իլյա Յաշինը, ձերբակալված է նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հաշիվներն իրավապահները սառեցրել են քրեական գործի շրջանակներում։ Հիմնադրամի դեմ, հիշեցնենք, քրեական գործ է հարուցվել փողերի լվացման և ֆինանսական մեքենայությունների հատկանիշներով։

Ռուսաստանի իշխանությունները Արևմուտքին մեղադրում են երկրի ներքին գործերին միջամտելու և չարտոնված ցույցերին մասնակցելու կոչեր տարածելու մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ զգուշացրել է նաև գերմանական «Դոյչե Վելլե»-ին՝ հայտարարելով, որ եթե լրատվամիջոցը շարունակի նման գործելաոճը, նրա դեմ օրենքով սահմանված միջոցներ կձեռնարկվեն։

Արևմտյան երկրներն ու «Դոյչե Վելլե»-ն հերքում են մեղադրանքները։

Մի շարք օրենսդրական նախաձեռնություններով հանդես են գալիս ռուսաստանցի պատգամավորները՝ մասնավորապես առաջարկելով Մոսկվայում հատուկ վայր սահմանել բողոքի հավաքների համար և թույլ չտալ, որ այդ վայրից դուրս մարդիկ ընդհանրապես հավաքվեն։

Քաղաքական այս լուրջ ճգնաժամի պատճառը, հիշեցնենք, Մոսկվայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն է՝ չգրանցել ընդդիմադիր թեկնածուներին և թույլ չտալ նրանց մասնակցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին։