Գլխավոր դատախազը դեմ չէ, որպեսզի վեթինգ իրականացվի նաև իր ղեկավարած կառույցում

Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազության ղեկավարը դեմ չէ, որպեսզի վեթինգ իրականացվի նաև այդ կառույցում։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց. - «Օրենքի նախագիծը մշակելիս ինքներս ենք առաջարկելու նաև դատախազների, և ոչ միայն, բոլո՛ր իրավապահ մարմինների ու հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոնյաների վեթինգը»։

Երեկ ուժային կառույցների ղեկավարները դեմ չէին, որպեսզի վեթինգ իրականացվի Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) և Ոստիկանությունում։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում երեկ ասաց՝ վեթինգի պետք է ենթարկվեն բոլորը, անհրաժեշտության դեպքում՝ անձամբ ինքը: Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս խնդիր չի տեսնում, որպեսզի նաև Ոստիկանությունում վեթինգ իրականացվի, ասաց՝ ինքը «բացարձակապես» մտավախություն չունի։

Մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Նախատեսվող քայլերի թվում առաջինը նա նշեց՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի: