Քոչարյան․ Հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար, բանտից Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցում հայտարարել է, որ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին: Քոչարյանը Reuters-ին ասել է՝ հույս ունի, որ ինքը այդ ուժերի թվում կլինի:

Կալանավայրից տված հարցազրույցում Քոչարյանը կրկին պնդել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական են, և մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ: Նախկին նախագահը պնդել է, որ Հայաստանում նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր ուժեր են ձևավորվում:

«Գործընթացը անշուշտ կհանգեցնի հզոր քաղաքական ուժերի ստեղծմանը, որոնք ընդունակ կլինեն շատ շուտով մարտահրավեր նետել իշխանություններին», - գրել է Քոչարյանը: Հարցին էլ՝ արդյոք ինքը անձամբ մասնակցելո՞ւ է այդ նոր ընդդիմության ձևավորմանը, Քոչարյանը պատասխանել է՝ «այո, անշուշտ», սակայն չի հստակեցրել, թե ինչպիսին է լինելու իր մասնակցությունը:

Հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նոր իշխանություններին մեղադրել է դիլետանտիզմի և պոպուլիզմի մեջ՝ պնդելով, թե Հայաստանում անցած տարի տեղի ունեցածը հեղափոխություն չէր, իսկ զանգվածային ցույցերի պատճառը «հասարակության մեջ կուտակված դժգոհությունն էր և փոփոխությունների ցանկությունը»:

10 մարդու մահվան պատճառ դարձած 2008-ի հետընտրական արյունալի ցույցերին անդրադառնալով էլ՝ Քոչարյանը պնդել է, թե երկրում կարգուկանոնը հաստատվել է միայն այն բանից հետո, երբ արտակարգ դրություն է հայտարարվել: «Դա չանելը կնշանակեր, որ նախագահը անգործություն է դրսևորել», - պնդել է Հայաստանի երկրորդ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, մասնավորապես, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ: