Մատչելիության հղումներ

«Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ». Փաշինյանը 100 փաստ է ներկայացնում Նոր Հայաստանի մասին


Ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնված է, երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան, օլիգարխիան զրկված է Կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից, այսօր Ազգային պատկերասրայում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին։

«Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան, քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները պաշտպանված են և լիարժեք կիրառելի։ Հետևողականորեն իրականացվել են դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը։ Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյությունը։ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ», - մասնավորապես, ասաց վարչապետը։

«Տնտեսական հեղափոխության մեկնարկային փուլը տրված է շատ ավելի հաջող քան նախատեսում էինք»

Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը՝ վարչապետը նշեց՝ տնտեսական հեղափոխության մեկնարկային փուլը տրված է շատ ավելի հաջող, քան իրենք նախատեսում էին։

«Ես արդեն ասացի, որ պետական բյուջեի եկամտային մասը 62 միլիարդ դրամով գերակատարում ենք, և սա 129 միլիոն դոլար է։ Ամեն անգամ, երբ որ Հայաստանը որևէ տեղից 129 միլիոն դոլարի վարկ էր ստանում, ասում էին՝ «վայ էս ինչ լավ բան ա, Հայաստանին վստահում են, վարկ են տալիս»։ Մենք ստվերի կրճատման հաշվին 129 միլիոն դոլար ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտները՝ մեկ տարվա արդյունքներով։ Եթե հաշվի առնենք նաև էն վերադարձված գումարները՝ 129 միլիարդ գերավճարի մասով և 15 միլիարդ ավելացված արժեքի հարկի մասով, եթե, օրինակ, նախկին գործելակերպը մենք դրսևորեինք և էդ մարդկանց էդ գումարները չտայինք, հիմա մենք գերակատարում կունենայինք ոչ թե 62 միլիարդ, այլ մոտավորապես 200 միլիարդ, բայց մենք նախընտրել ենք բիզնեսին մոտավորապես 350 միլիոն վերադարձնել, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ այսօր Կառավարության խնդիրը գեներացված գումարները ճիշտ ծախսելն է։

«Հիմա մեր ռազմավարությունը ո՞րն է․ մենք պետք է այս 62 միլիարդի մեծ մասն այս տարի ուղղենք կապիտալ ծախսերի վրա՝ ճանապարհաշինություն, շինարարություն, համայնքային ծրագրեր, որպեսզի խթանենք տնտեսությունը, տնտեսական հեղափոխության երկրորդ փուլը։ Մեր այսօրվա խնդիրն է գեներացված գումարները ճիշտ ծախսելը», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ այսօր լրանում է մեկ տարին, ինչ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց և նշանակվեց վարչապետ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG