Կալանքից ազատ է արձակվել հեմոդիալիզի գործով կալանավորված Սամվել Ադյանը

Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում

Այսօր կալանքից ազատ է արձակվել հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով կալանավորված Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց նրա եղբայրը՝ Դավիթ Ադյանը։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։ Գլխավոր դատախազությունից փոխանցել էին, որ Ադյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, և չի բացառվում, որ նա այդ օրն ազատ արձակվի։

Սամվել Ադյանը, ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանն ու «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը կալանավորվել էին փետրվարի 28-ին։

Ըստ ԱԱԾ-ի՝ Ադյանը Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-19 թվականների ընթացքում ապօրինի կերպով միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման, գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էլ անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ինքը՝ Սանասարյանը, ավելի վաղ մեղադրանքը շինծու էր որակել:

Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը էլ հայտարարել է, թե իր պաշտպանյալի դեմ «գործ են կարում», նրա դեմ, ըստ փաստաբանի, կեղծ ցուցմունքեր են տրվել, այդ թվում՝ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները։