Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ողջունում են Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Միևնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը «ուռճացված է» համարում ներքաղաքական կյանքին վերաբերող վարչապետի ձևակերպումներ:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ողջունում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Նիկոլ Փաշինյանի ելույթի արտաքին քաղաքական հարցերին վերաբերող հատվածը, իսկ ներքաղաքական կյանքին վերաբերող Փաշինյանի ձևակերպումները ուռճացված է համարում․ - «Իհարկե, կային բազմաթիվ հետաքրքիր և հաջողված շեշտադրումներ, մասնավորապես, Արցախի հարցով, Արցախում մարդու իրավունքների հետ կապված, հակամարտության կարգավորման հետ կապված, խաղաղության հետ կապված: Բայց կային նաև որոշակի բացթողումներ, մասնավորապես՝ արդեն ժողովրդավարության հաստատում, տնտեսական հրաշք, բարեփոխումներ, որոնք դեռ ընթացքի մեջ են, դեռ նոր են սկսվել, և այդտեղ մենք բազմաթիվ թերություններ ենք տեսնում»:

Գևորգ Գորգիսյան

Ժողովրդավարությունը, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, միայն խոսքի և հավաքների ազատությունը չէ․ նախևառաջ փոխզսպումների մեխանիզմներն ու իշխանության թևերի տարանջատումն է․ - «Կառավարության կառուցվածքի նախագիծն է Ազգային ժողովում, որտեղ սուպերվարչապետական համակարգը պահպանված է»:

Սերգեյ Բագրատյան

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համեմատելով ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանի մյուս ղեկավարների ելույթների հետ՝ Փաշինյանի խոսքը տարբերվող որակեց՝ ասելով, որ նոր մոտեցումներ հնչեցին՝ միջազգային հանրության համար ավելի հետաքրքիր․ - «Վարչապետը շեշտադրեց այն փաստը, որ ինչպե՞ս կարելի է դա համարել օկուպացված տարածք, երբ որ մարդու ծննդավայրն է, բնօրրանն է: Այսինքն, մարդը իր ծննդավայրը չի կարող օկուպացնել: Եվ սրա հիմքում դրված էր ազգային ինքնորոշման դիրքորոշումը, որը իսկապես էդպես է: Եվ եթե ազգերի ինքնությանը այլևս վտանգ է սպառնում, ազգերի ինքնորոշումը լեգալ իրավունք է ունենում այլևս: Եվ բնականաբար, վարչապետի ձևակերպումը այս իմաստով ճիշտ եմ համարում: Այդտեղ օկուպացված տարածք գոյություն չունի»:

Ալեն Սիմոնյան

Իշխանական «Իմ քայլում» Փաշինյանի ելույթը հաջողված են համարում: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ կանի, որ այն հնարավորինս քիչ տարածում գտնի․ - «Հռետորաբանությունը, որով մեր հարևան երկրում փորձում են այսօր իշխանություն պահել, միգուցե դա չի նախատեսում: Բայց, այնուամենայնիվ, վստահ եմ, որ ինչ-որ պահ է գալու, և ստիպված են լինելու այդ երկխոսությունը, այդ ցանկությունը՝ Ադրբեջանի ժողովրդին ասելիք հասցնելու, դա տեղի է ունենալու: Անկախ նրանից՝ իրենք դա կուզեն թե չէ, որովհետև այս ինֆորմացիոն դարում դժվար է լինելու պահել այդ ելույթները»:

ԵԽԽՎ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կոչ արեց եվրոպական կառույցներին աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու դատական համակարգը՝ անկախ հանգամանքից, որ Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն չճանաչված պետություն է:

Արման Եղոյան

Խորհրդարանի Եվրաիտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի («Իմ քայլը») կարծիքով, վարչապետը դրեց գործընթացի քաղաքական հիմքը, իսկ արդյուքները կախված կլինեն հայաստանցի պաշտոնյաների աշխատանքից․ - «Եվրոպական կառույցներում իրենց քաղաքականությունը մեծապես կախված է անդամ պետությունների, կամ գործընկեր պետությունների ակտիվությունից եվրոպական կառույցներում: Օրինակ, ներգրավվեն Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական հասարակության կայացման գործում, մեդիա դաշտի կայացման ոլորտում: Դա, մի կողմից, որևէ կերպ չի առնչվի Մինսկի խմբի համանախագահության վարած գործընթացին, բայց, մյուս կողմից, անուղղակիորեն կստեղծի մի իրավիճակ, երբ այդ մարդկանց իրավունքները կճանաչվեն, որովհետև իրենք ոչ մի բանով ավելի պակաս մարդ չեն»:

«Հայաստանի կառավարությունը նվիրված է ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին», - երեկ ԵԽԽՎ-ում հայտարարել էր Փաշինյանը: Պաշտոնական Բաքուն անմիջապես արձագանքեց՝ կոչ անելով Հայաստանի վարչապետին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի «օկուպացված տարածքներից զինված ուժերը դուրս բերելու՝ միջազգային հանրության պահանջների կատարման ուղղղությամբ»:

«Ադրբեջանին ուժի կիրառումից և սպառնալիքներից հրաժարվելու կոչ անող Հայաստանի վարչապետը պետք է ծանոթանա Հելսինկյան եզրափակիչ ակտին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Արման Եղոյանը ենթադրում է, որ ադրբեջանցիների հայտարարությունը կապված է վարչապետի երեկվա ելույթի հետ, որը, պատգամավորը թիրախային է համարում․ - «Դատելով հայտարարության տեքստից՝ փոքր-ինչ շտապել են: Այնտեղ հղում են արել Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներին, որոնցից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Երևի էդ պահը վրիպել է ուղղակի իրենց ուշադրությունից: Վարչապետի ելույթը, այո, շատ թիրախային էր, շատ հստակ շեշտադրումներով, և ես կարծում եմ, որ Ադրբեջանը ապագայում կարիք կունենա գործ ունենալ եվրոպական կողմից այդ ելույթի արձագանքների հետ»: