Եվրոպական դատարանը բավարարեց Նավալնու հայցը

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակված վճռով՝ Ռուսաստանի իշխանությունները ոտնահարել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու իրավունքները` 2014 թվականին նրա հանդեպ տնային կալանքը որպես խափանման միջոց սահմանելով:

Ռուսաստանյան դատարանի որոշմամբ Նավալնին տնային կալանքի տակ էր հայտնվել 2014-ի փետրվարին` ամիսներ անցկացնելով այդ կարգավիճակում: Որոշումը կայացվել էր Նավալնու դեմ խարդախության հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում:

Եվրոպական դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանը պետք է ընդդիմադիր գործչին 20 հազար եվրո փոխհատուցում վճարի նրա կրած բարոյական վնասի համար, ինչպես նաև փոխհատուցի դատական ծախսերը` 2500 եվրո չափով: