Մեկնարկել է ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարը, օրակարգում ԵԿՄ նախագահի ընտրության հարցն է

Մեկնարկել է «Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարը:

Օրակարգում ԵԿՄ նախագահի ընտրության հարցն է։

Համագումարին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

1993 թվականին ստեղծված միությունը 1999 թվականից ղեկավարում էր գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա վերընտրվել էր չորս անգամ:

Մանվել Գրիգորյանը​ ձերբակալվեց 2018-ի հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Իրավապահների հաղորդմամբ, մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք են գտել Գրիգորյանի Արշալույս գյուղի առանձնատներում։ Պատգամավորի Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին եղել։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը նույն մակնշմամբ մսի պահածոներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի զինծառայողներին հասցեագրված օգնության արկղեր էր հայտնաբերել նաև Էջմիածնում՝ Մանվել Գրիգորյանի տներում, ինչպես նաև՝ որդուն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության տարածքում:

Երկրապահ կամավորական միությունը 2018-ի հունիսի 24-ի վարչության նիստում կասեցրեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, կասեցվեց նաև ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը: