Բոլթոնը դրական է գնահատել Հանոյի գագաթնաժողովը

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երեկ ամերիկյան երեք հեռուստաընկերություններում՝ CBS-ում, CNN-ում, Fox News-ում, մասնակցել է կիրակնօրյա հաղորդումների և անդրադարձել Հանոյում տեղի ունեցած ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի ղեկավարի գագաթնաժողովին։

Բոլթոնը դրական է գնահատել գագաթնաժողովը՝ չհամաձայնելով, որ այն ձախողվել է։ Ավելին՝ CBS-ի հարցազրույցում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն ասել է, թե Հանոյի գագաթնաժողովը պետք է հաջողություն համարել։ Նրա դիտարկմամբ, գագաթնաժողովը ցույց տվեց, որ նախագահը պաշտպանում և առաջ է մղում Ամերիկայի ազգային շահերը։

Նա հաստատել է, որ Թրամփը մերժել է պատժամիջոցներն ամբողջովին չեղարկելու Փհենյանի պահանջը։

«Այդ պահանջն անընդունելի է մեզ համար, պատժամիջոցներն են Հյուսիսային Կորեային բերել բանակցությունների սեղանի մոտ: Նրանք ցանկանում եմ ձերբազատվել պատժամիջոցներից, բայց նրանք դա կստանան ապամիջուկայնացման դեպքում», - նշել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը։

Նրա խոսքով՝ նախագահն ամրություն է ցուցաբերել իր տեսակետները պաշտպանելու համար, խորացրել է հարաբերությունները Կիմ Չեն Ընի հետ։

Բոլթոնն ասել է, թե իր դիտարկմամբ, Թրամփը լավատես է մնում, որ Հյուսիսային Կորեան կդադարեցնի միջուկային ծրագրերը։

«Կիմ Չեն Ընը մեր վերջին հանդիպմանն ասել է՝ «գիտեք, մենք շատ փուլերով ենք անցնելու, մինչև հասնենք վերջնական գործարքին»: Հանոյում կայացած հանդիպումը փուլերից մեկն է, դրա համար նախագահը պատրաստ է շարունակելու երկխոսությունը», - CBS-ին ասել է Բոլթոնը՝ նշելով. - «Ես ամենևին ձախողում չեմ համարում, որ Ամերիկայի ազգային շահերը պաշտպանվել են»։

Հեռուստաընկերություններից յուրաքանչյուրում, այդ թվում՝ Fox News-ում, Բոլթոնն անդրադարձել է ամերիկացի ուսանող Օտտո Վարմբիերի մահվան գործով Թրամփի հասցեին հնչած քննադատություններին։

Ամերիկացի ուսանողը 2016-ին Հյուսիսային Կորեայում բանտարկվել էր, 2017-ին ազատ էր արձակվել, բայց նա արդեն կոմայի մեջ էր ու Ամերիկա վերադառնալուց քիչ անց մահացել է:

Վարմբիերի ընտանիքը պնդում է, որ երիտասարդը մահացել է բանտում՝ խոշտանգումների ենթարկվելու հետևանքով:

Հանոյի հանդիպմանը Կիմ Չեն Ընն ասել է, որ տեղյակ չէ, թե ամերիկացի ուսանողի հետ ինչ է պատահել, և Թրամփը նրան հավատացել է։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահն ասել է, թե իր խոսքերը սխալ են թարգմանվել, բայց չի պնդել, որ Կիմ Չեն Ընը պատասխանատու է ամերիկացի ուսանողի մահվան համար:

Fox News-ի կիրակնօրյա հաղորդմանը Բոլթոնն ասել է, թե Կիմ Չեն Ընի խոսքերն ի գիտություն ընդունելը դեռ չի նշանակում այն ընդունել որպես իրականություն:

Նրա խոսքով՝ Վարմբիերի մահը Թրամփը բարբարոսություն է համարում: Իսկ CNN-ում երբ նրան հարցրել են, թե անձամբ ինքն ի՞նչ կարծիքի է, Բոլթոնն ասել է, թե իր կարծիքը նշանակություն չունի:

Վերադառնալով Հանոյի գագաթնաժողովի հիմնական թեմային՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցին, որի շուրջ Հանոյում որևէ պայմանավորվածություն, համաձայնություն ձեռք չի բերվել, նշենք, որ CNN-ի հարցազրույցում Ջոն Բոլթոնն ասել է. - «Ամեն դեպքում գործարքի բացակայությունն ավելի լավ է, քան վատ գործարքը»: