«Գևորգյանը գորշ կարդինալն էր, և Քոչարյանի շատ հանձնարարականներ հենց նրա միջոցով էին փոխանցվում». Սաքունց

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արմեն Գևորգյանը համարվում էր «նախագահական պալատի գորշ կարդինալը», հետևաբար, ըստ իրավապաշտպանի, Քոչարյանի շատ հանձնարարականներ հենց Գևորգյանի միջոցով էր փոխանցվում։

«Մենք շատ լավ հիշում ենք, որ Արմեն Գևորգյանը համարվում էր գորշ կարդինալը նախագահական պալատի և, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի շատ հանձնարարականներ անմիջապես շարժ տալը, որոշ զգայուն թեմաների վերաբերյալ, դա պետք է փոխանցվեր Արմեն Գևորգյանի միջոցով։ Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ աշխատակազմի ղեկավարի միջոցով», - ասաց Սաքունցը։

Սաքունցն ակնկալում է, որ Գևորգյանից բացի, այդ տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած այլ անձինք ևս կկանչվեն պատասխանատվության։

«Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք բարձր պաշտոնատար անձինք հանդիսանում էին այդ միանձնյա կառավարման մեխանիզմն իրականացնողների կազմում, և անմիջական մասնակցություն ունեին բոլոր անօրինականությունների հետ, որ այդ ժամանակվա իշխանությունների կողմից իրականացվում էր, և, իհարկե, ես ակնկալում եմ, որ ոչ միայն Արմեն Գևորգյանն, այլ նաև Միքայել Մինասյանը, նաև այն ժամանակվա ոստիկանապետը՝ Հայկ Հարությունյանը, կարող ենք թվարկել, գլխավոր դատախազները, որոնք աշխատել են այդ ժամանակ, Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Հատուկ քննչական ծառայության քննիչները, նախագահի վերահսկողության ծառայության պետը, որը նույնպես բավական մեծ դեր է ունեցել այդ կոռումպացված համակարգի մեջ։ Այսինքն՝ միայն դրանով չպետք է սահմանափակվի, իմ համոզմամբ, որովհետև պետությունն իսկապես զավթված է եղել։ Դա ոչ թե զուտ հրապարակախոսական որակում է, այլ դա իրավական գնահատական է այդ ժամանակվա իշխանություններին», - ասաց Սաքունցը՝ շարունակելով. - «Շատ դժվար է մաֆիայի ներսում, երբ որ մեկը մյուսի հետ շաղկապված է հանցավոր համագործակցությամբ և հանցավոր շահերով գտնել ապացույցներ, հիմնավորումներ՝ իրենց կողմից կատարված հանցագործությունները բացահայտելու, հիմնավորելու և մեղադրանք առաջադրելու համար։ Սա շատ երկար աշխատանք է պահանջում, շատ մանրակրկիտ, շատ պրոֆեսիոնալ աշխատանք է պահանջում»։

Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանը 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների ժամանակ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Տվյալ դեպքում, ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Դեկտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայությունը Գևորգյանին երեք նոր մեղադրանք առաջադրեց՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով:

Երեկ դատարանը պետք է քններ նրա կալանավորման հարցը, սակայն այն հետաձգվեց պաշտպանական կողմի խնդրանքով՝ կալանավորման հիմքերին ծանոթանալու համար։

Կալանքի հարցը դատարանը կքննի այսօր, եթե բավարարվի ՀՔԾ միջնորդությունն, ապա Գևորգյանը հենց դատարանում էլ այօսր կկալանավորվի: