Օսիպյան․ Եթե որոշեն, ես պատրաստ եմ ծառայել օրենքին

«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոստիկանությունը երբևէ նման ընտրություններ չէր կազմակերպել», - «Ազատության» հետ հարցազրույցում շեշտեց Վալերի Օսիպյանը։

Ոստիկանապետը գոհ է իր ենթակաների աշխատանքից: Նրա խոսքով՝ այն, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունն իսկապես տարբերվում էր նախորդներից, արձանագրել են նաև լրագրողները։ Նրա նշեց, որ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ բացառել են ընտրակաշառքի երևույթը։

Ահազանգեր, իհարկե, կային, բայց արդյունքում դրանք գերակշիռ մասը եղել են օդում խոսակցություններ․ - «Շատերը իրանականությանը չէին համապատասխանում, մյուս դեպքերում էլ չեն եղել գումար տալ-վերցնելու [դեպքեր]: Բայց ունեցել ենք ահազանգեր, և ցանկացած ահազանգի տրվել ա ոստիկանության կողմից գնահատական և՛ նախընտրական շրջանում, և՛ ընտրության օրը»:

Ընտրակաշառք առաջարկելու դեպքով ընդամենը մեկ քրեական գործ էր հարուցվել․ լռության օրը՝ դեկտեմբերի 8-ին քաղաքացին հայտնել էր, որ Հրազդանում առաջադրված ռեյտինգային թեկնածուներից մեկի շտաբի պետը խոստացել էր գումարով ծրար տալ իրեն ու իր կնոջը, եթե նրանք ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։

Ոստիկանապետից հետաքրքրվեցինք՝ իսկ հիմնականում ո՞ր ուժի անվան հետ էին կապվում ընտրակաշառք բաժանելու ահազանգերը։

«Դա կարող եք ճշտել վարույթն իրականացնող մարմնից», - պատասխանեց Օսիպյանը՝ այդուհանդերձ նշելով, որ այդ ուժը հաղթահարել է անցողիկ շեմը:

Այս ընտրությունների ամենաաղմկահարույց թեման կապվեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անվան հետ։ ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե նախկին փոխոստիկանապետը գյուղապետերի և քաղաքապետերի միջոցով ուղղորդել է մարդկանց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Ոստիկանապետն ասաց, որ այդ լուրը կարդացել է մամուլից, իսկ մարզային ոստիկանները նման խնդիր չեն տեսել, ահազանգ չեն ստացել․ - «Չեմ կարող ասել, թե ինքը [Հունան Պողոսյանը] ինչ ազդեցություն կարող ա ունենա-չունանա: Ես այլ գործառույթներ եմ իրականացնում, քան մարզպետը: Բայց ամեն դեպքում մարզային ոստիկանությունը ինձ որևէ բան այդ մասին չի զեկուցել»:

30 տարի ոստիկանությունում աշխատած Օսիպյանը, ով վերջին 7 ամիսներին դարձավ համակարգի ղեկավարը, արդյո՞ք շարունակելու է աշխատել այս պաշտոնում նոր կառավարության ձևավորումից հետո:

«Եթե որոշեն, ես պատրաստ եմ ծառայել օրենքին։ Տրամադրված եմ ծառայելու», - ասաց նա:

Հարցին, թե արդյոք վարչապետը գոհ է իր աշխատանքից, Օսիպյանն արձագանքեց․ - «Ես չեմ կարող ասել: Ինչքանո՞վ ճիշտ կլինի ես հարցնեմ՝ պարոն վարչապետ, Դուք գո՞հ եք իմ աշխատանքից: Դա երևի ճիշտ կլինի դուք հարցնեք: Կամ հենց պարոն վարչապետը նպատակահարման գտնի, կասի»:

Ինչ վերաբերում է Ֆրանկլին Գոնսալեսի, նույն ինքը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձմանը, ապա Օսիպյանն ասաց, որ այդ գործընթացը ժամանակ է պահանջում։ Սերժ Սարգսյանի եղբորորդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու կամ իրացնելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պատրաստելու կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Նկատեցինք՝ Սաշիկ Սարգսյանի որդու ձերբակալության լուրը հայտնի դարձավ նախընտրական քարոզչության վերջին օրը՝ դեկտեմբերի 7-ին․ արդյո՞ք սա միտումնավոր քայլ չէր՝ հօգուտ իշխող ուժի։ Ոստիկանապետը արձագանքեց՝ զուտ պատահականություն է․ - «Մենք անգամ մտածել ենք՝ արդյո՞ք մենք լուրը տանք, թե չտանք: Բայց քանի որ երկու-երեք օր էր անցնելու այդ արանքում, չէինք բացառում, որ որևէ մի տեղից՝ հենց մեր գործընկերի մոտից կամ Նարեկ Սարգսյանի հարազատների մոտից, այդ տեղեկությունները տարածվեին և բոլորը իմանային: Կաշկանդված չենք․․․ որևէ պայմանավորվածություն չկա, որևէ նախապայման չկա»:

Օսիպյպանը հայտարարեց, որ իրավապահները պատրաստ են ապահովել նաև սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահի աջակիցների անվտանգությունը։ Թեև հավաքներ կամ ակցիաներ իրականացնելու մասին նրանք դեռ որևէ դիմում չեն ներկայացրել։

Ոստիկանապետից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատրաստվում է առարկություն ներկայացնել «Սասնա ծռերի» անդամների համաներման հարցով։

Օսիպյանն այս գործով տուժող է և ըստ համաներման մասին օրենքի, եթե տուժողներն առարկեն, ապա նրանց վրա օրենքը չի տարածվի։

Ոստիկանապետը պատասխանեց․ - «Մենք կորցրել ենք մեր լավագույն ընկերներին, մեր գործընկերները կյանք են դրել․․․ Ձեզ ի՞նչ է թվում, կարելի է գործընկերներ կորցնել և հենց-ընենց անցնել-գնա՞լ: Անթույլատրելի եմ համարում: Եվ որևէ մեկը թող չբարձրաձայնի, որ դա իրականացվել ա չգիտեմ ինչ-ինչ․․․ չփորձեն արդարացնել իրենց գործողությունները՝ ապստամբությունից ելնելով, չգիտեմ ինչից ելնելով․․․ Կա հանցանք, և պիտի լինի պատասխանատվություն»: