Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն 1988 թվականի երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը:
Մինչ արարողությունը խոսքով է հանդես եկել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` անդրադառնալով մեր ժողովրդին աղետալի երկրաշարժի պատճառած ծանր կորուստներին և առայսօր դեռ ամբողջությամբ չհաղթահարված հետևանքներին:
Հոգեհանգստյան կարգի ընթացքում Մայր Աթոռի միաբանությունը Վեհափառի գլխավորությամբ աղոթել է նաև օրերս զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի և զինծառայող Հայկ Քարամյանի հոգիների խաղաղության համար:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում: Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: