Փհենյանը կարտաքսի ապօրինաբար ժամանած ամերիկացուն

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը, արխիվ

Հյուսիսային Կորեան այսօր հաղորդել է, որ կարտաքսի ԱՄՆ քաղաքացուն, ով մեկ ամիս առաջ ձերբակալվել է երկիր ապօրինի եղանակով մուտք գործելու համար:

Փհենյանն այդ քաղաքացու անունը չի հրապարակել և չի հայտնել, թե կոնկրետ երբ և ինչու է նրան արտաքսելու:

ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է հոկտեմբերի 16-ին, երբ փորձել է հատել Չինաստանի և Հյուսիսային Կորեայի սահմանը:

Այս տարվա մայիսին Հյուսիսային Կորեան՝ որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակել երեք ամերիկացիների: Դա տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների նախագահներ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի սինգապուրյան պատմական հանդիպումից առաջ:

Վերլուծաբանների համոզմամբ՝ այսօրվա հայտարարությունը վկայում է միջուկային խնդրով բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում Վաշինգտոնի հետ երկխոսությունը դրական մթնոլորտում շարունակելու Փհենյանի ցանկության մասին: