Ուիթաքերն իր դիրքորոշումը կհայտնի ռուսների միջամտության հարցով հետաքննության նկատմամբ

ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքեր, արխիվ

ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերը հայտնել է, որ մտադիր է էթիկայի հարցերով փորձագետների հետ քննարկել 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության վերաբերյալ հետաքննությունից ինքնաբացարկ հայտնելու հնարավորությունը, քանի որ նախկինում քննադատել է այդ հետաքննության անցկացումը:

Արդարադատության արդեն նախկին նախարար Ջեֆ Սեշընզը ժամանակին հրաժարվել է գերատեսչական հսկողություն վարել այդ հետաքննության նկատմամբ այն պատճառով, որ իր անունն էլ է հիշատակվել գործում: Սեշընզի փոխանցմամբ, իր անմիջական հսկողությունը կորակվեր որպես շահերի բախում:

Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է այդ գործը և պնդել է, որ ռուսները որևէ դեր չեն կատարել ընտրություններում: Նա «վհուկաոս» է անվանել հետաքննությունը և քննադատել է նաև Սեշընզին այն հսկողության տակ առնելուց հրաժարվելու համար:

Թրամփը Ուիթաքերին անցյալ շաբաթ է նշանակել ԱՄՆ գլխավոր դատախազ (դա համապատասխանում է ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնին):

Երբ Սեշընզը ինքնաբացարկ է հայտնել հետաքննության հարցում, գերատեսչական հսկողությունը ստանձնել է արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենշտայնը, ով 2017 թվականի մայիսին այդ գործով հատուկ դատախազ է նշանակել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերին:

Հետաքննության ընթացքում Մյուլերի թիմը մեղադրանք է ներկայացրել Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին և ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին:

2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը շարունակվում է: