Ըստ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության՝ ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերն ասել է, որ կխորհրդակցի էթիկայի հարցերով զբաղվող պաշտոնյաների հետ, թե արդյոք 2016 թվականի ընտրություններին ռուսական ենթադրյալ միջամտության վերաբերյալ հատուկ քննության իր քննադատությունը շահերի բախում է առաջացնում։
Արդարադատության նախարարության խոսնակն ասել է, որ Ուիթաքերը պատրաստ է անցնել շահերի բախման քննության ամբողջական գործընթաց, այդ թվում նաև համագործակցելով էթիկայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, որոնց արդյունքում դեմոկրատները Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ստացան, նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ արեց գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին՝ նրա փոխարեն նշանակելով Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Մեթյու Ուիթաքերին: Վերջինս նախագահի սերտ աջակիցներից է և միշտ պնդել է, որ 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Թրամփի թիմի ու ռուսների միջև դավադրության որևէ փաստ չկա: