Ուկրաինացի իրավապաշտպանները պահանջում են իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը

Ակտիվիստները հավաքվել են հիվանդանոցի մոտ, որտեղ վախճանվել է Կատերինա Հանձյուկը, Կիև, 4-ը նոյեմբերի, 2018թ.

Քաղաքացիական ակտիվիստ Կատերինա Հանձյուկի մահից հետո Ուկրաինայի տասնյակ իրավապաշտպան և հասարակական կազմակերպություններ պահանջում են երկրի իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը։

Կիևում գտնվող «Մարդու իրավունքների տեղեկավության կենտրոն» կազմակերպությունը երեկ բաց նամակ է հրապարակել, որում Ուկրաինայի 75 կազմակերպություններ հայտարարել են, որ վրդովված են քաղաքական ակտիվիստների դեմ հարձակումների՝ պետության կողմից հետաքննության ընթացքից։

Կոռուպցիայի դեմ պայքարող 33-ամյա ակտիվիստը նախօրեին մահացել է Կիևի հիվանդանոցներից մեկում։

Հուլիսի 31-ին Խերսոնում անհայտ անձը Հանձյուկի դեմքին ծծմբաթթու էր լցրել, ինչի հետևանքով ակտիվիստը ծանր այրվածքներ էր ստացել և տեղափոխվել էր նախ Խերսոնի շտապօգնության հիվանդանոց, այնտեղից էլ՝ Կիևի հիվանդանոցի այրվածքաբանության բաժին: