Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանին առաջարկում է հրապարակել ՀՔԾ-ի կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը:
Իր տարածած հայտարարությունում նշելով, որ Աշոտյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. - «Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն», ՀՔԾ-ն շարունակում է․ - «Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած` ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում` նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»:
Արմեն Աշոտյանը այսօր «Ազատության» հետ զրույցում պնդել է, թե խորհրդարանում ընթացող՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին որոշ հանրապետական պատգամավորներ միացել են ճնշման ներքո: