Մատչելիության հղումներ

16 պատգամավոր է արդեն միացել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին


Ազգային ժողովի շենքը Երևանում

Հանրապետական խմբակցության ևս երկու պատգամավոր՝ Ավետ Սարգսյանը և Ռաֆիկ Գրիգորյանը միացել են խորհրդարանում ընթացող ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։

Այսպիսով ստորագրահավաքին մասնակցած պատգամավորների թիվը հասավ 16-ի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 14 պատգամավորներ՝ «Ծառուկյան» խմբակցությունից վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը, իշխանափոխությունից հետո Հանրապետական խմբակցությունից դուրս եկած գործարարներ Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Նահապետ Գևորգյանը, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանը, Հանրապետական խմբակցության գործող անդամներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գործարարներ Արայիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Հարություն Կարապողոսյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Տաճատ Վարդապետյանը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, որոնք ևս Հանրապետական խմբակցության անդամներ են հայտարարություն են ստորագրել, որով սատարում են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի դիրքորոշմանը։

«Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող խորհրդարանը պետք է լուծարվի», - ասված է հայտարարությունում։

Նշենք, որ երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին հուշագիր ստորագրեցին։ Ծառուկյանը հայտարարեց, որ ամբողջությամբ սատարում է Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին երեկ հայտարարեց նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG