Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ազգային ժողովի այգու սանիտարական վիճակով։
«Ճիշտն ասած մտահոգված եմ՝ չգիտեմ, երեկվանից հետո, թե՞՝ այսօր, Ազգային ժողովի այգու սանիտարական վիճակը՝ մաքրությունն, այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ։ Հույս ունեմ, որ ժամանակավոր խնդիր է և կլուծվի։ Անթույլատրելի է, որ այսպիսի վիճակում լինի այգին», - այսօր Ազգային ժողովի այգուց ուղիղ հեռարձակմամբ ասաց վարչապետը։
Այն, որ խորհրդարանի այգու դռները բաց են քաղաքացիների առջև, վարչապետը գեղեցիկ երևույթ համարեց և հույս հայտնեց, որ այգու դռներն այլևս չեն փակվի։
Փաշինյանի որոշմամբ, այսօր առաջին անգամ Ազգային ժողովի այգին բացվել է քաղաքացիների առջև։
Առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 22-ը քաղաքացիները խորհրդարանական այգում զբոսնելու հնարավորություն կունենան, սակայն որոշակի արգելապատնեշներ այգում այնուամենայնիվ կտեղադրվեն՝ խորհրդարանի շենքի մուտքը սահմանազատելու համար։
Նշենք, որ Բաղրամյան 26-ի՝ նախկին նախագահական, այժմ՝ վարչապետի նստավայրի դարպասներն էլ քաղաքացիների առջև բացվել են սեպտեմբերի 21-ին։