Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի այգին այսօրվանից բաց է քաղաքացիների առջև


Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այսօր առաջին անգամ Ազգային ժողովի այգին բացվել է քաղաքացիների առջև։

Առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 22-ը քաղաքացիները խորհրդարանական այգում զբոսնելու հնարավորություն կունենան, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի անվտանգության վաշտի հրամանատար Սահակ Սահակյանը՝ նշելով, որ որոշակի արգելապատնեշներ այգում այնուամենայնիվ կտեղադրվեն՝ խորհրդարանի շենքի մուտքը սահմանազատելու համար։

Սահակյանը նշեց, որ քաղաքացիների համար մուտքը խորհրդարանի շենք արգելված է, սակայն այգու որոշ տարածքում քաղաքացիներն անարգել զբոսնելու հնարավորություն ունեն։

Ինչպես նշեց անվտանգության վաշտի հրամանատարը՝ պատգամավորներն անհանգստանալու կարիք չունեն, նրանց անվտանգությունն ապահովված է լինելու։

Սահակյանը նշեց, որ այգին բավական խնամված է, և խնդրեց քաղաքացիներին չվնասել խորհրդարանական այգին։

Նշենք, որ Բաղրամյան 26-ի՝ նախկին նախագահական, այժմ՝ վարչապետի նստավայրի դարպասները քաղաքացիների առջև բացվեցին սեպտեմբերի 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG