Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում Իրանին մեղադրել է Թեհրանի մոտակայքում գաղտնի ատոմային պահեստ ունենալու մեջ, ինչը իրանցի պաշտոնյաները հերքել են և կեղծ տեղեկություն որակել:
Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նեթանյահուն ցուցադրել է Իրանի մայրաքաղաքի օդից արված լուսանկարը, որտեղ կարմիր սլաքով ցույց է տրված, նրա պնդմամբ, միջուկային զենքին առնչվող նյութեր պարունակող չբացահայտված պահեստը:
Նեթանյահուի խոսքով, այդ բացահայտումը վկայում է, որ Իրանը դեռևս ձգտում է միջուկային զենք արտադրել՝ հաշվի չառնելով 2015 թվականին աշխարհի գերտերությունների հետ կնքված համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց: