Ռուսաստանում այսօր մեկնարկում են "Восток-2018" լայնածավալ զորավարժությունները

"Восток-2018" զորավարժության՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզը

Ռուսաստանի արևելքում այսօր մեկնարկում են «սառը պատերազմից» ի վեր կազմակերպված ամենալայնածավալ զորավարժությունները՝ "Восток-2018"-ը, որոնց կմասնակցի 300 հազար զինվոր, 1000-ից ավելի ինքնաթիռ ու անօդաչու թռչող սարք, մոտ 80 ռազմանավ, 36 հազար տանկ ու այլ մեքենա:

Բավական ընդարձակ է նաև վարժանքների աշխարհագրությունը. դրանք կանցկացվեն համազորային հինգ զորավարժարաններում, Ճապոնական, Բերինգի և Օխոտյան ծովերում, որոշակի փուլում ռազմական մանևրներին կմիանան նաև Չինաստանն ու Մոնղոլիան:

Պեկինը Ռուսաստանի արևելյան շրջաններ է գործուղելու շուրջ 900 հրասայլ ու 3 հազարից ավելի զինվոր, Մոնղոլիան դեռ չի բացահայտում իր մասնակցության ձևաչափը:

Կրեմլն ավելի վաղ պնդել էր՝ աննախադեպ այս զորավարժությունները, որոնց մասնակցելու է ռուսական զինուժի մոտ մեկ երրորդը, ծայրահեղ անհրաժեշտ են և արդարացված:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդել էր՝ «ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը երբեմն շատ ագրեսիվ և ոչ բարեկամական է Ռուսաստանի նկատմամբ»:

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օտարերկրյա դիվանագետներին տեղեկացնում է առաջիկա զորավարժությունների մասին, Մոսկվա, 6-ը սեպտեմբերի, 2018թ․

Օրեր առաջ էլ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովն էր այս հարցով խորհրդակցության հրավիրել Ռուսաստանում հավատարմագրված դիվանագետներին ու ռազմական կցորդներին:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մանևրներն ուղղված չեն այլ երկրների դեմ և անցկացվում են մեր ռազմական դոկտրինի համապատասխան, որը պաշտպանական բնույթ ունի», - ասել էր Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Արևմուտքում, սակայն, ռուսական կողմից հնչող այս հավաստիացումներն անվերապահ չեն ընդունում, Հյուսիսատլանտյան դաշինքում պնդում են, թե իրականում Ռուսաստանը պատրաստվում է լայնամասշտաբ հակամարտության:

«Վերջին շրջանում Մոսկվան իրեն առավել ու առավել ինքնավստահ է զգում՝ էականորեն ավելացնելով պաշտպանական ծախսերը և ընդարձակելով ռազմական ներկայությունը, այդ թվում՝ Բալթյան ու Սևծովյան տարածաշրջաններում, ինչպես նաև Միջերկրականում», - «Ազատության» "Настоящее время" հեռուստածրագրին ասել է ՆԱՏՕ-ի փոխխոսնակ Դիլան Ուայթը՝ ընդգծելով․ - «Ռուսաստանն արդեն ապացուցել է, որ պատրաստ է օգտագործել զինուժը հարևանների դեմ, օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի»:

Ի դեպ, զորավարժությունների մեկնարկից օրեր առաջ Ռուսաստանը դրանց հետևելու հրավեր է ուղարկել նաև Թուրքիային:

Անցած շաբաթավերջին՝ Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո, նախագահ Էրդողանը թուրք լրագրողներին հայտնել էր, թե Մոսկվան վարժանքների անցկացման մանրամասները փոխանցել է Թուրքիայի պաշտպանության նախարարին: Անկարան, սակայն, որն արդեն իսկ խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով, առայժմ քննարկում է հրավերը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: