Նախկին դիվանագետները դրական են գնահատում «դեսպանների ուղերձը» ստորագրած Բայբուրդյանի վերադարձը ԱԳՆ համակարգ

Հայաստանի արտգործնախարարության շենքը, արխիվ

«Արմեն Բայբուրդյանը կադրային դիվանագետ է, որը երկար տարիներ բարձր և պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ համակարգում․ Բայբուրդյանին նոր դիվանագիտական պաշտոնում նշանակելն ազդարարում է նրա վերադարձը ԱԳՆ համակարգ»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր այսպես արձագանքեց «Ազատության» հարցին՝ արդյոք 2008 թ․ մարտի 1-ի արյունալի իրադարաձություններից առաջ արտգործնախարարությունից հեռացված դիվանագետներից մեկի վերադարձը համակարգ վկայում է, որ իշխանություններն ընդունում են՝ երկարմայա աշխատանքային փորձ ունեցող դիվանագետներին աշխատանքից ազատելը քաղաքական պատճառ ուներ:

Հայաստանի արտգործնախարարի երեկվա հրամանով Արմեն Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս։ Բայբուրդյանը 2004-2008 թթ. զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: 2008 թ. փետրվարին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, նա ու մի շարք այլ դիվանագետներ՝ այդ թվում Իտալիայիում, Պորտուգալիայում և Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում ու Ղրղզստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Խաչատրյանը, ազատվեցին զբաղեցրած պաշտոններից՝ զրկվելով արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից:

Նշված դիվանագետները ստորագրել էին, այսպես կոչված, «դեսպանների ուղերձը», որում, մասնավորապես, նշված էր․ «Կարևորելով երկրում կայունության պահպանման և հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին, կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապտեյանը, որը 2006-2008 թթ․ ժամանակահատվածում արտգործնախարարության մամուլի խոսնակն էր և մամուլի ու տեղեկատվության վարչության պետը, այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ այն ժամանակվա իշխանության կողմից դիվանագետներին հեռացնելը երկրում սահմանադրական կարգը տապալելու քայլերի տրամաբանական շարունակությունն էր:

«Դա նշանակում էր, որ իշխանությունն արդեն 0038 հրամանը ստորագրելով՝ որոշում էր կայացրել, որ գնալու է ամենակոշտ գործողությունների: Մենք ամեն օր տեղեկություններ էինք ստանում, որ իշխանությունը պատրաստվում է բռնի ուժով ցրել ընտրությունների կեղծման դեմ բողոքի դուրս եկած ժողովրդի հավաքը, և հենց այդ ժամանակ էր, որ մենք հանդես եկանք կոչով, որպեսզի բռնություն չգործադրվի: Եվ շատ կարևոր է, որ մենք նաև գնահատական տվեցինք կեղծված նախագահական ընտրություններին, որը համահունչ էր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականին: Մեր հայտարարության հիմքում այն մտահոգությունն էր, որ նման բռնության գնալով՝ Հայաստանի վարկը կտրուկ անկում է ապրելու, և արդյունքում հենց նման պատկեր էլ մենք ունեցանք»,- ասաց Կարապետյանը:

Մարթա Այվազյանը 2005-2008 թթ․ գլխավորել է ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժինը: 10 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի իշխանության կողմից բազմափորձ դիվանագետներին աշխատանքից ազատելու նպատակը, ըստ նրա, կառավարական կառույցներում սկիզբ առած «բողոքի ալիքի դեմն առնելն էր»: «Մեզ աշխատանքից հեռացնելը դա պատիժ էր, որը կանխեց նաև այլ նախարարություններում նման քայլերի ընդարձակումը»,- «Ազատությանն» ասաց նախկին դիվանագետը:

Վլադմիր Կարապետյանը դրական է գնահատում Արմեն Բայբուրդյանի նշանակումը Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում: «Ես կգերադասեի, որ նման վերաբերմունք ցուցաբերվեր բոլոր նախկին դիվանագետների նկատմամբ, որոնք ապօրինի հեռացվեցին: Դրանով գիծ կքաշվեր Քոչարյանի, այնուհետև Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի դեմ վարվող քաղաքականության վրա: Գնահատական կտրվեր, որ այն ժամանակվա իշխանությունների քաղաքական որոշումները եղել են Հայաստանի շահերի դեմ: Կարծում եմ՝ այս գործընթացը շարունակական կլինի»,- ասաց Կարապետյանը:

Մարթա Այվազյանի խոսքով էլ՝ Արմեն Բայբուրդյանի նշանակումն «առաջին քայլն է՝ 2008 թ․ մարտի 1-ի հետ կապված ապօրինություններին գնահատական տալու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»: «Միգուցե ԱԳՆ աշխատակիցների անունը շատ է հնչել, շրջանառվել, բայց մենք գիտենք, որ այդ տարիներին հարյուրավոր մարդիկ են զրկվել աշխատանքից, որևէ գործունեություն ծավալելու իրավունքից: Մեզ հեռացնելու հրահանգը եկել էր հենց նախագահականից, նաև միջազգային կազմակերպություններին ասվել էր, որ որևէ դեպքում մեզ աշխատանքի չընդունեն»,- ասաց Մարթա Այվազյանը: