«Հարավային Կովկասի միակ պետությունը, որի վրա չի ազդում Թուրքիայում ծավալված տնտեսական ճգնաժամը, Հայաստանն է», - արձանագրում են Արևելյան Եվրոպայի տնտեսության ուսումնասիրություններով զբաղվող, Բեռլինում լույս տեսնող bne IntelliNews հանդեսի մասնագետները՝ նշելով. - «Թուրքիայի հետ լուրջ [տնտեսական] կապերի բացակայությունը մեկուսացրել է Հայաստանը հարևան երկրում ծավալված ճգնաժամից: Երկու երկրների միջև ներդրումների և փոխադարձ առևտրի ծավալները աննշան են»։
bne IntelliNews-ի վերլուծաբանները պնդում են. - «Ի տարբերություն Հայաստանի` հարավկովկասյան մյուս երկու պետությունները գրեթե անմիջապես զգացին Թուրքիայում տնտեսական վիճակի վատթարացման, նախևառաջ թուրքական լիրայի անկման հետևանքները»:
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին տարիներին ձևավորված սերտ կապերը բնութագրելով որպես «փոխադարձ ներդրումների և առևտրի ոսկե եռանկյունի»՝ վերլուծաբանները հատուկ ընդգծում են, որ դրա ամենավառ դրսևորումը դարձավ անցած տարեվերջին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:
Թուրքական լիրայի անկումը ուղղակիորեն ազդեց թե՛ վրացական լարիի, թե՛ ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա:
«Վրացական տնտեսությունը, սակայն, իր ամրության հաշվին կարողացավ զգալիորեն չեզոքացնել հասցված վնասը», - նշում են տնտեսագետները` հատուկ ընդգծելով, որ զբոսաշրջությունը դարձել է վրացական տնտեսության յուրատեսակ «անվտանգության բարձիկը»:
«Միանշանակ է, որ Վրաստանի առևտրային հաշվեկշիռն առաջին կիսամյակում ավելի քան կայուն էր: Արտահանման ծավալների աճն այդ ժամանակահատվածում կազմեց 28.5 տոկոս, արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների մասնավոր տրանսֆերտների աճը` 18 տոկոս», - նշում են bne IntelliNews-ի մասնագետները՝ կրկին ընդգծելով, որ վրացական տնտեսության ամենատպավորիչ տեմպերով աճող ճյուղը զբոսաշրջությունն է` շուրջ 29 տոկոս:
«Այս ամենը հնարավորություն տվեց Վրաստանի Կենտրոնական բանկին 87.5 միլիոն դոլարով ավելացնել համախառն արտաքին պահուստների ծավալը», - նշում են հանդեսի հեղինակներն` ընդգծելով, որ կուտակված միջոցներն անհրաժեշտության դեպքում կարող են ուղղվել ֆինանսական շուկայում կայունության ապահովմանը:
Այլ է իրադրությունն Ադրբեջանում:
«Այս երկրի տնտեսությունն էներգակիրներից իր կախվածության պատճառով ավելի խոցելի է թուրքական ճգնաժամի համար», - նշում են տնտեսագետները` պնդելով, որ Թուրքիայում նկատվող անկայունությունը կարող է լուրջ խնդիր հանդիսանալ հատկապես Ադրբեջանի տնտեսության նավթային սեկտորի համար:
Պատճառն, ըստ bne IntelliNews-ի մասնագետների, ադրբեջանական էներգետիկ ընկերությունների տարիներ շարունակ խոշոր ներդրումներն էին Թուրքիայում:
«Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը Թուրքիայի ամենախոշոր ներդրողներից էր` շուրջ 19 միլիարդ դոլար: Այժմ այդ ներդրումների արժեքը թուրքական լիրայով նվազել է: Թուրքական տարադրամի անկումը SOCAR-ի համար ծանր հարված է», - նշում են հոդվածի հեղինակները՝ հավելելով, որ թուրքական ճգնաժամից տուժած ադրբեջանական բիզնես կառույցների թվում են նաև Pasha բանկը և Պետական նավթային հիմնադրամը, որն իր պահուստների մոտ մեկ տոկոսը կուտակել էր թուրքական պետական պարտատոմսերի տեսքով: