Կրեմլ. «Մոսկվան չունի ԵՄ-ն քայքայելու ցանկություն»

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոն և Վլադիմիր Պուտին, Սանկտ Պետերբուրգ, 24-ը մայիսի, 2018թ.

Կրեմլը հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այն պնդումը, որի համաձայն «Մոսկվան երազում է Եվրոպական միությունը քայքայելու մասին»:

Մակրոնն այդ մասին երեկ ասել է Շվեդիայի հանրային հեռուստատեսության (SVT) թղթակցին տված հարցազրույցում:

«Ես հարգում եմ Պուտինին և ցանկանում եմ համագործակցել նրա հետ անվտանգության համակարգ ստեղծելու խնդրում, մեզ անհրաժեշտ է երկխոսել Պուտինի հետ, բայց Պուտինը երազում է քայքայել Եվրամիությունը», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդել է, որ Մոսկվան չունի Եվրամիությունը քայքայելու ցանկություն:

Արձագանքելով Մակրոնի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է, որ «Եվրոպական միության կայունությունը և բարգավաճումը բխում է Ռուսաստանի շահերից»:

«Նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին մի քանի առիթներով է ասել, և մեր դիրքորոշումը չի փոխվել», - նշել է Կրեմլի խոսնակը:

Նա ավելացրել է, որ Պուտինը ցանկանում է զարգացնել համագործակցությունը Եվրամիության անդամների հետ և հարգում է Մակրոնին: