Իրանի ազգային տարադրամի՝ ռիալի աննախադեպ արժեզրկումը դոլարի նկատմամբ շարունակվում է:
Արժեզրկման հիմնական պատճառներից մեկը Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների վերականգնումն է:
Ռիալն անցած երեք օրում ևս 15 տոկոսով է արժեզրկվել: Այսօրվա դրությամբ շուկայում ԱՄՆ 1 դոլարը վաճառվում է 128․5 հազար ռիալով: Այս տարվա ընթացքում ռիալի արժեզրկումը հասել է 70 տոկոսի, ինչին զուգահեռ երկրում աճել են պարենի և տարատեսակ ծառայությունների գները: Տնտեսական ճգնաժամը հակակառավարական ցույցեր է հրահրել:
Ռիալի արժեզրկումը բացատրվում է նաև Իրանի թույլ տնտեսությամբ և դոլարի մեծ պահանջարկով, քանի որ իրանցիներից շատերը կորցնում են վստահությունը ազգային տարադրամի նկատմամբ:
Վաշինգտոնը վերականգնել է պատժամիջոցները և սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել այն բանից հետո, երբ ի պաշտոնե հրաժարվել է 2015 թվականի միջուկային պայմանագրից, որը Թեհրանը կնքել է վեց գերտերությունների հետ: