«Մոսկվան երբեք չի ենթարկվի Վաշինգտոնի ճնշումներին». Ռյաբկով

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ասել է, որ ամերիկյան նոր պատժամիջոցների պայմանները նախապես անընդունելի են, և Մոսկվան երբեք տեղի չի տա ու չի ենթարկվի Վաշինգտոնի ճնշումներին: Այդ մասին Ռյաբկովն ասել է «Միջազգային կյանք» հանդեսին տված հարցազրույցում:

Նրա փոխանցմամբ, ամերիկյան վարչակազմը հայտարարել է նոր երկու փուլով պատժամիջոցներ, որոնք կապված են Սկրիպալների թունավորման գործի հետ:

Երկրորդ փուլն ուժի մեջ կմտնի նոյեմբերին, և դրանք, ըստ Ռյաբկովի, շատ լուրջ սահմանափակումներ են ենթադրում այն դեպքում, եթե Մոսկվան չընդունի մի շարք պայմաններ:

«Ռուսաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսելն ամերիկացիների սովորությունն է, նրանք ներկայացրել են մի շարք պայմաններ, իմանալով, որ դրանք ի սկզբանե անիրագործելի են: Դա լավ են գիտակցում հենց պատժամիջոցների հեղինակները, նպատակն է ցույց տալ, որ Ամերիկան չի ընդունում միջազգային ասպարեզում որևէ իրողություն, որը չի համապատասխանում իրենց պատկերացումներին այն մասին, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ», - ասել է Ռյաբկովը:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալի խոսքով՝ Ամերիկան արտաքին ասպարեզում ոչ մի դեմոկրատիա չի ընդունում և շարժվում է բացառապես ուրիշներին իր կամքը թելադրելու ճանապարհով:

«Իհարկե այդ պայմաններում մնացած պետությունները պետք է գտնեն ուղիներ, որոնք թույլ կտան պաշտպանվել ամերիկյան ներգործությունից և պատասխան տալ», - ասել է Ռյաբկովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, նա սսել է, թե Վաշինգտոնում ենթադրում են, որ կոշտ գիծը շարունակելու դեպքում Մոսկվան վաղ թե ուշ տեղի կտա և կհրաժարվի անկախ արտաքին քաղաքականությունից և անձնատուր կլինի:

«Դա բացարձակապես անհնարին է», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը:

Օգոստոսի 22-ից ուժի մեջ մտան Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները։