Ժնևում այսօր հանդիպում են Բոլթոնը և Պատրուշևը

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Ժնևում այսօր հանդիպելու են Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում տեղակայված պետական ամառանոցում գումարել է անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը խոչընդոտող հարցեր:

«Տեղի ունեցավ խոսակցություն ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերությունների և առկա հիմնական բարդությունների շուրջ, քննարկվեցին Սիրիայի հարցն, ինչպես նաև սոցիալ-տնտեսական առավել հրատապ թեմաները», - հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ ռուս-ամերիկյան կապերը շարունակում են վատթարանալ: Բոլթոնի և Պատրուշեևի հանդիպման նպատակն է գտնել փոխըմբռնման հնարավորություններ:

«Պետք է հասկանանք՝ արդյո՞ք մեր զրուցակիցների մոտ էլ կա համաձայնության եզրեր փնտրելու ցանկություն», - ասել է Պեսկովը:

Այսօրվա Ժնևյան հանդիպումը Մոսկվայի և Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին շփումն է հուլիսի 16-ին Հելսինկիում Թրամփի և Պուտինի բանակցություններից հետո:

Բոլթոնը երեկ Իսրայելում ասել է, թե «ռուսները տվյալ պահին խրվել են Սիրիայում»:

Արձագանքելով այդ մեկնաբանությանը՝ Պեսկովը երեկ ասել է, թե պարկեշտ չէ, երբ որևէ մեկը ու հատկապես վաշինգտոնյան գործընկերները խոսում են ինչ-որ երկրում Ռուսաստանի խրված լինելու մասին:

«Չմոռանանք, որ ներկայումս Սիրիայի տարածքում կան ամերիկյան բանակի ստորաբաժանումներ», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանն այսօր շատ կարևոր դեր է կատարում Սիրիայի պետությունը միջազգային ահաբեկիչներից ու նախևառաջ «Իսլամական պետությունից» պաշտպանելու, իրավիճակը պատերազմականից քաղաքական-դիվանագիտական կարգավորման հարթություն տեղափոխելու գործում:

«Ռուսաստանը նպաստում է նաև փախստականների վերադարձին Սիրիա և ամեն ինչ անում է այդ երկրում վերակառուցում սկսելու համար», - ասել է Պեսկովը:

Մինչ դեռ, Բոլթոնը երեկ Իսրայելում ասել է, թե ըստ ամերիկացիների հայթայթած տեղեկությունների, Սիրիայի ռեժիմը պատրաստվում է Իդլիբի նահանգում հարձակողական գործողության: Վաշինգտոնին մտահոգում է Բաշար ալ-Ասադի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման վտանգը:

«Ասեմ, որ թյուրիմացություն չլինի, եթե Սիրիայի ռեժիմը քիմիական զենք օգտագործի, մենք շատ խիստ պատասխան կտանք, և նրանք պետք է լավ մտածեն նման բան անելուց առաջ», - ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: