Խորվաթիան դրամատիկ խաղում հաղթեց Ռուսաստանին

Խորվաթները ռուսներին հաղթեցին մեկ քառորդում, Սոչի, 7ը հուլիսի, 2018թ.

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիայի ընտրանին չափազանց ծանր խաղում 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանի թիմին:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով՝ 31-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով գոլ խփեց Չերիշևը, ապա 39-րդ րոպեին խորվաթ Կրամարիչը հավասարեցրեց հաշիվը:

Լրացուցիչ ժամանակում խորվաթ Վիդան 101-րդ րոպեին թվում էր թե հաղթական գոլ խփեց, սակայն 115-րդ րոպեին ծագումով բրազիլացի Ֆերնանդեսը, ով 2017 թվականին է Ռուսաստանի քաղաքացիություն ստացել, գլխի հարվածով խփած գոլով հույս տվեց ռուսներին:

11-մետրանոց տուգանային հարվածներն առավել հաջող իրականացրեց Խորվաթիայի հավաքականը, խորվաթները 4 անգամ գրավեցին Ակինֆեևի դարպասը, ռուսները Սուբաշիչի դարպասը 3 անգամ գրավեցին:

Այսպիսով, տանտերերն ավարտեցին մասնակցությունն աշխարհի առաջնությանը: Մարզական մեկնաբանները նշում են, որ մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի ղեկավարած ռուսների ընտրանին այս առաջնության ընթացքում շատ կազմակերպված և արժանի խաղ ցույց տվեց։

Հուլիսի 10-ին տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը՝ Բելգիա-Ֆրանսիա, ապա հուլիսի 11-ին կխաղան Անգլիայի և Խորվաթիայի թիմերը:

Այդ կիսաեզրափակիչներում պարտված թիմերը հուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում կպայքարեն բրոնզե մեդալների համար, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչը: