«Աշխարհի շահերից է բխում, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունն ավելի քիչ լինի»

Ալաբամայից ընտրված սենատոր Ռիչարդ Շելբի, արխիվ

Ռուսաստան այցելած ամերիկացի օրենսդիրների պատվիրակության ղեկավար սենատոր Ռիչարդ Շելբին ասել է, որ Հելսինկիում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է նոր էջ բացել ռուս-ամերիկյան հարաբերություններում և նպաստել աշխարհի կայունությանը: Այդ մասին Ալաբամայից ընտրված հանրապետական սենատորն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ամերիկյան պատվիրակության հանդիպման ընթացքում:

«Մենք հուսով ենք, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կդառնա մեր հարաբերությունների նոր փուլի մեկնարկ, ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ մեր երկրների միջև լարվածությունն ավելի քիչ լինի», - ասել է Շելբին: Նրա խոսքերով, բնավ անհրաժեշտ չէ, որ մրցակիցները դառնան թշնամիներ:

«Եթե նայենք մեզ շրջապատող աշխարհին, կտեսնենք, որ կան բազում բնագավառներ, որտեղ մենք կարող ենք միասին աշխատել», - ասել է սենատորը: