ԱՄՆ-ի գլխավոր նպատակներից մեկը Իրանի նավթային եկամուտների զրոյացումն է․ Պետդեպի պաշտոնյա

ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար Բրայան Հուք, արխիվ

Միացյալ Նահանգների գլխավոր նպատակներից մեկը Իրանի` նավթի վաճառքից ստացվող եկամուտների զրոյացումն է: Այս մասին երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը` Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար Բրայան Հուքը:

«Մեր նպատակը Իրանի վարչակազմի հանդեպ կիրառվող ճնշման հետագա ուժեղացումն է, որպեսզի նավթի վաճառքից ստացվող [Թեհրանի] եկամուտները հասնեն զրոյի», - հայտարարում էր ամերիկացի դիվանագետը` միաժամանակ պնդելով, որ Միացյալ Նահանգների իշխանությունները անում են հնարավորը իրանական նավթի ամբողջական էմբարգոյի պարագայում միջազգային շուկայում էներգակիրների պակասորդը կանխելու համար: «Վստահ ենք, որ աշխարհում առկա են նավթի բավարար պաշարներ ճգնաժամից խուսափելու համար», - նշում էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Այս առումով ամերիկյան իշխանությունների հիմնական հույսերը կապված են Սաուդյան Արաբիայի հետ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե դիմել է Սաուդյան Արաբիայի թագավորին` խնդրելով այդ երկրի պետական էներգետիկ ընկերությանը մեծացնել նավթի արդյունահանման ծավալները:

Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավարը նաև նշում էր, որ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությունն իր բնույթով միանգամայն նոր է և արմատապես տարբերվում է ամերիկյան նախորդ վարչակազմերի որդեգրած գործելաոճից:

«Այս նոր ռազմավարությունը Իրանում իշխանափոխություն իրականացնելու նպատակ չի հետապնդում: Դրա նպատակը Իրանի ղեկավարների պահվածքի վրա ազդելն է, որպեսզի նրանց գործողությունները համապատասխանեն Իրանի ժողովրդի ցանկություններին», - հայտարարում էր Հուքը:

Ուշագրավ է, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այս հայտարարությունները հնչեցին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եվրոպական շրջագայության առաջին իսկ օրը: Իսլամական հանրապետության նախագահի Շվեյցարիա և Ավստրիա այցի գլխավոր նպատակը Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի փրկությունն է:

Հիշեցնենք, որ Շվեյցարիան Իրանի խնդրում մշտապես լուրջ միջնորդական դերակատարություն է ունեցել, Ավստրիան էլ հուլիսի 1-ից ստանձնել է Եվրամիության նախագահությունը: Բրյուսելում էլ մեկ անգամ ևս հայտարարեցին, որ կանեն հնարավորը միջուկային համաձայնագրի վերջնական տապալումից խուսափելու համար:

«Մենք մեր միջազգային գործընկերների հետ միասին լուրջ ուժեր ենք կենտրոնացրել Իրանի հետ կնքված համաձայնագիրն ու դրանից բխող օգուտները պահպանելու համար: Այս առումով Եվրամիության դիրքորոշման որևէ փոփոխություն տեղի չի ունեցել», - Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը: