Գայֆեջյանի փաստաբանի առևանգման փորձի առնչությամբ քրգործ է հարուցվել․ դատախազություն

Հաղորդավար Վիլեն Գայֆեջյան, արխիվ

Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Արարատի մարզի դատախազությունում Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի դատախազությունից:

Դատախազի որոշմամբ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը: Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, փոխանցում են Գլխավոր դատախազությունից:

Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասը մարդուն առևանգելու փորձի համար նախատեսում է 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, «SOS TV»-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ հունիսի լույս 8-ի գիշերը փորձել էին իրեն առևանգել։ Փորձ կատարողն, ըստ Գրիգորյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազգականի ընկերն է։