Մատչելիության հղումներ

«Փորձել են առևանգել» «SOS TV»֊ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի շահերի պաշտպանին


Վիլեն Գայֆեջյան, կադր «ՍՈՍ TV»֊ի թողարկումներից, արխիվ
Վիլեն Գայֆեջյան, կադր «ՍՈՍ TV»֊ի թողարկումներից, արխիվ

«SOS TV»֊ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս գիշեր փորձել են իրեն առևանգել։ Փորձ կատարողն, ըստ Գրիգորյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազգականի ընկերն է։

Վահե Գրիգորյանն «Ազատությանը» պատմեց՝ երեկ երեկոյան հաղորդագրություն է ստացել իրեն ծանոթ մի անձից՝ հանդիպել֊զրուցելու պահանջով։ Զրույցի ընթացքում, ըստ Գրիգորյանի, իրեն զանգահարած անձը խոսել է իր և իր վստահորդ, «SOS TV»֊ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանից, խոսակցության մեջ նաև հիշատակել է, թե իր ընկերը Մասիսի քաղաքապետի ազգականն է։ Ապա իր կամքին հակառակ փորձել է տեղափոխել այլ վայր՝ զրույցը շարունակելու համար։

«Սկզբում ուղղակի ինֆորմացիա էր փորձում հավաքել, թե ինչով ենք զբաղվում՝ մեր հետագա գործողությունների հետ կապված, վերջում էլ ավելացնեմ, որ ուղղակի փորձում էր ինձ տեղափոխել այլ վայր՝ հակառակ իմ կամքին ու իմ հորդորներին, որ մեքենան կանգ առնի։ Իր ասելով՝ խոսակցությունը հնարավոր չէ շարունակել այստեղ, որտեղ կային բազմաթիվ բնակելի տներ։ Ու վերջում էլ ավելացրեց, որ սա այսպես չի ավարտվելու, մենք դեռ կհանդիպենք», ֊ մանրամասնեց Վահե Գրիգորյանը։

«SOS TV»֊ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի և լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Փաստաբանների պալատը վարույթ է հարուցել Մասիսի քաղաքապետի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ։ Գայֆեջյանի շահերի պաշտպանն ասել էր, թե պատրաստվում են նաև դատարան դիմել Ֆեյսբուքում Աթանեսյանի կողմից հնչեցված հայհոյանքների և վիրավորանքների համար։

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ ինքը պատասխանել է Վիլեն Գայֆեջյանի հայհոյանքներին, որոնք հետագայում ջնջվել են։ Վիլեն Գայֆեջյանն ու նրա շահերի պաշտպանն մինչդեռ պնդում են՝ Աթանեսյանը զրպարտում է՝ հայհոյանք չի եղել։

Ֆեյսբուքյան գրառումները կատարվել էին փաստաբան Աթանեսյանի և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համատեղ լուսանկարի տակ, որտեղ զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու մեջ մեղադրվող քաղաքապետի մասին փաստաբանը գրել էր՝ «շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք առայժմ մեղադրյալ անհիմն մեղադրանքով»:

Վահե Գրիգորյանը կարծում է՝ տեղի ունեցածը ոչ միայն առևանգման, այլև իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փորձ էր։

«SOS TV»֊ի հաղորդավարը իր շահերի պաշտպանի հետ տեղի ունեցածը կապում է Մասիսի քաղաքապետի փաստաբանի դեմ իրենց ներկայացրած բողոքի հետ։ ֊ «Փորձում են ինչ֊որ ձև ճնշեն, էդ գործը խանգարելու կամ վախեցնելու համար։ Ամեն դեպքում իրենք պետք է այս վերջին մի քանի տարվա մեջ հասկացած լինեին, որ ինձ ու ինձ շրջապատող մարդկանց՝ Հայկին, մեր իրավաբաններին, ընտանիքներին վախեցնել անհնար է», ֊ «Ազատության» հետ զրույցում ասաց Գայֆեջյանը։

Մասիսի քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդեց՝ թե ինքը, թե քաղաքապետը որևէ առնչություն չունեն տեղի ունեցած հետ։ ֊ «Որևէ առնչություն չունենք, դա պարզապես զրպարտություն է», ֊ հայտարարեց Աթանեսյանը։

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին՝ գիշերը 1֊ի սահմաններում Վահե Գրիգորյանը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել անձի առևանգման փորձի կապակցությամբ։ Այժմ հետաքննություն է անցկացվում:

Ի դեպ, Տիգրան Աթանեսյանն ասաց՝ Մասիսի քաղաքապետը շարունակում է աշխատանքի գնալ։ 3 օր առաջ դատախազությունը որոշել էր ժամանակավորապես դադարեցնել քաղաքապետի և նրա տեղակալի պաշտոնավարումը: Ըստ իրավապահների՝ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ մեղադրվող Համբարձումյանն ու նրա տեղակալը, պաշտոնում մնալով, կխոչընդոտեն գործի քննությանը: Որոշումները կատարման համար ուղարկվել էին Մասիսի քաղաքապետարան, դրանց մասին իրազեկել էին նաև Տարածքային կառավարման նախարարությանը։

Տիգրան Աթանեսյանի խոսքով, դատախազության որոշումը քաղաքապետի պաշտոնավարումը դադարեցնելու իրավական հիմք չէ, իսկ Մասիսի քաղաքապետը ինքն իր լիազորությունները չի կարող դադարեցնել, դա կարող է անել միայն իրավասու մարմինը: Թե ո՞րը, Աթանեսյանն ասաց՝ թող դատախազությունը մտածի. ֊ «Դատախազությունը ոնց կայացրելա, դե թող դրա տակից էլ դուրս գա։ Որ որոշում են կայացնում, իրենք չեն մտածո՞ւմ դա ոնց պիտի իրագործվի»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի պաշտոնավարումը ժամանակավորապես կարող է դադարեցվել Մասիսի ավագանու կողմից: Սաքունցն ասաց, որ իր տեղեկություններով՝ դատախազության որոշումն ուղարկվել է Արարատի մարզպետարան, Տեղական ինքնակառավարման մասին օրենքով մարզպետն իրավունք ունի ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ հարցը քննարկելու համար։ Եթե ավագանին պաշտոնավորումը դադարեցնելու որոշում չկայացնի, այն դատարանում բողոքարկելու հնարավորություն կա։

Իրավապաշտպանը կարծում է՝ Մասիսի քաղաքապետի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելը անհրաժեշտություն է. ֊ «Այդքան մարդու կազմակերպել՝ բռնությունների մեջ ներգրավելու համար, պետք է ունենալ ազդեցություն։ Դա խոսում է ազդեցության մասին, նաև նրա ունեցած կապերը իրավապահ մարմինների հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG