Մալայզիական օդանավը խոցվել է ՌԴ զինված ուժերին պատկանող «Բուկ» համակարգից․ Հոլանդացի դատախազներ

Միջազգային փորձագետներն աշխատում են մալայզիական ինքնաթիռի աղետի վայրում, արխիվ

Չորս տարի առաջ Դոնբասում կործանված մալայզիական մարդատար «Բոինգ» օդանավը խոցվել է Ռուսաստանի զինված ուժերի զենիթահրթիռային 53-րդ բրիգադին պատկանող «Բուկ» համակարգից: Այսօր Նիդերլանդներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել են ավիաաղետը հետաքննող միջազգային խմբի հոլանդացի դատախազները:

Հիշեցնենք՝ 2014 թվականին Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող օդանավի կործանման հետևանքով 298 մարդ էր զոհվել, մեծ մասը՝ Նիդերլանդների քաղաքացիներ: Անցած տարիներին միջազգային փորձագետներից բաղկացած հետաքննող խումբը եզրակացրել էր, որ ինքաթիռը խոցվել է «Բուկ» տիպի հրթիռով:

Այսօրվա ասուլիսում հայտարարվել է, որ այն պատկանում է Ռուսաստանի բանակին: Հետաքննող խումբը պնդում է, որ 2014-ի հունիսի վերջերին Կուրսկի շրջանից ռազմական տեխնիկա է դուրս բերվել: Ռազմաշարասյան մեջ «Բուկ» հրթիռների առնվազն 6 համակարգ է եղել: Դրանցից մեկը՝ 332 համարի համակարգը, ուղարկվել է սահմանից այն կողմ, Ուկրաինայի արևելք, ռուսամետ անջատականների հսկողության տակ գտնվող տարածք: Միջազգային խմբի քննիչների պնդմամբ՝ իրենց հաջողվել է պարզել, որ հենց այդ համակարգից է խոցվել մալայզիական օդանավը:

Այն կործանվել էր 2014-ի հուլիսի 17-ին: Ըստ միջազգային խմբի ուսումնասիրության տվյալների՝ հաջորդ օրը, հուլիսի 18-ին, զենիթահրթիռային այդ համակարգը հետ է ուղարկվել Ռուսաստան: Այսօրվա ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև այդ համակարգի հնարավորություններն ու առանձնահատկությունները:

Միջազգային հետաքննչական խմբի ղեկավար՝ հոլանդացի դատախազ Ֆրեդ Վեստերբեքը նշել է, որ հետաքննությունը մինչև հիմա չի կարողանում պարզել՝ ինչու՞ է խոցվել մալայզիական օդանավը և կոնկրետ ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրում: Նա ասել է, որ սկզբնական՝ մոտ 100 կասկածյալներից բաղկացած ցանկը կրճատվել է, մնացել են մի քանի տասնյակ անուններ, բայց որևէ անուն չի հրապարակել: Հնարավոր ականատեսներին հոլանդացի դատախազը կոչ է արել օգնել քննությանը և տեղեկություններ հաղորդել այն մասին, թե ով է «Բուկ»-ը Ուկրաինա տեղափոխելու և օդանավը խոցելու հրաման տվել: Նիդերլանդների գլխավորած միջազգային խմբում ընդգրկված են նաև Մալայզիայի, Ուկրաինայի, Բելգիայի և Ավստրալիայի ներկայացուցիչները:

Ռուսաստանը, ինպես նաև Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատականները կտրականապես հերքում են իրենց մեղսակցությունը ողբերգական այդ միջադեպին: Վաղը Հաագայում մամուլի ասուլիս են տալու Bellingcat հետաքննչական խմբի ներկայացուցիչները: Մալայզիական օդանավի կործանումը հետաքննող այդ խումբը և The Insider պարբերականն անցած դեկտեմբերին զեկույց էին հրապարակել, ըստ որի, հնարավոր էր համարվել ռուսաստանցի գեներալ Նիկոլայ Տկաչևի առնչությունն այդ միջադեպին:

Նույն զեկույցի համաձայն՝ 2014 թվականին գեներալը գտնվել է Ուկրաինայի արևելքում՝ «Դելֆին» ծածկանունով: Արդեն պաշտոնաթող գեներալը, սակայն, հերքել է պնդումները, թե «Դելֆինն» ինքն է, ասելով, որ 2014-ին Ուկրաինայի արևեքլում չի գտնվել ու սպառնալով դատի տալ զեկույցի հեղինակներին: