Էրդողանի պնդմամբ՝ ԱՄՆ-ը գրեթե զրոյի է հասցրել իր հեղինակությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահը պնդել է, թե Միացյալ Նահանգները գրեթե զրոյի է հավասարեցրել իր հեղինակությունը՝ Իսրայելում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո:

«Վաշինգտոնի ու Իսրայելի այդ որոշումը որևէ արժեք չունի», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ հիշեցնելով, որ այն դատապարտվել է նաև ՄԱԿ-ի քվեարկությամբ:

«Սա ցույց է տալիս, որ այդ քայլերը աջակցություն չունեն աշխարհում, և որևէ մեկը չի կարող ասել՝ ես հարուստ եմ, ես հզոր եմ և դրանով կարող եմ ձեզ ճնշել», - ասել է Թուրքիայի նախագահը:

Երկու երկրների միջև հետզհետե ավելի խորացող տարաձայնությունները քննարկելու համար Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է հունիսի սկզբին մեկնել Վաշինգտոն՝ Նահանգների նոր պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպելու: