Արտակարգ դրություն մտցնելու հարց կառավարությունում չի քննարկվել․ Արամյան

Վարդան Արամյան, արխիվ

Արտակարգ դրություն մտցնելու հարց կառավարությունում չի քննարկվել՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար, հանրապետական Վարդան Արամյանը:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժայիններին ու պնդել, որ պետք է արտակարգ դրություն մտցնել: Մի՞թե երկարամյա պաշտոնյա Սերժ Սարգսյանը չէր կարող դա «ֆայմել», որ հիմա «դու սատանի մայլում քյանդրբազ ես խաղում», դիմելով Կարապետյանին՝ իր ելույթում ասել էր Փաշինյանը:

Արամյանն այսօր շարունակ կրկնում էր՝ ինքն այն մարդը չէ, ում հարկավոր է ուղղել այսօրվա քաղաքական օրակարգի հարցերը: Օրինակ՝ «Տեղյա՞կ եք՝ ի՞նչ որոշում է կայացվել ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի վերաբերյալ»,- «Ազատության» այս հարցին, Արամյանը պատասխանեց․ «Տեղյակ չեմ, քննարկվում է, դրա մասին լրացուցիչ կտեղեկացվի: Ես նորից եմ ուզում ասել՝ ես այն մարդը չեմ, որ ժամանակից առաջ ընկնեմ»:

Իսկ ի՞նչ է մտադիր անել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ով երեկ շտապեց հերքել պաշտոնը թողնելու մասին տեղեկությունը, քննարկե՞լ է արդյոք Արամյանն այս հարցը Կարապետյանի հետ, ի՞նչ ծրագրեր ունի վարչապետի պաշտոնակատարը, նաև այս հարցերն ուղղեցինք ֆինանսների նախարարի պաշտոնակատարին:

«Ես այդ հարցով քննակրում չեն ունեցել, [վարչապետի] մտքերը շատ պարզ են՝ անել ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակից առավելագույն օգուտներով և մեր տնտեսության համար նվազագույն ծախսերով դուրս գանք: Դրա համար, կարծում եմ՝ եթե մենք վերլուծենք վարչապետի պաշտոնակատար պարոն Կարեն Կարապետյանի հայտարարությունները, համար առաջին ազդակը՝ դա կառուցողական երկխոսություն սկսելն է:

Ես կարծում եմ, որ եթե մենք իրականում ցանկանում ենք ունենալ իրավական պետություն, պետք է ձեռքներս դնենք օրենք վրա և օրենքի պահանջը կատարենք, անկախ նրանից, թե հետագայում ինչ կլինի: Դա է հենց հորդորել վարչապետը»,- ասաց Վարդան Արամյանը:

Այսօր ֆիննախարարը նաև վստահեցրեց՝ հայաստանյան ֆինանսական շուկայում «կարգապահություն է»․ «Ինչի՞ց կարող ենք ենթադրել, որ ֆինանսական շուկայում խաղաղ վիճակ է՝ փոխարժեքից: Փոխարժեքն այս պահին ցույց է տալիս, որ մենք այնտեղ որևէ վտանգ, որևէ վատատեսական սպասում չունենք»:

Լրագրողներից մեկի հարցին՝ մտադի՞ր եք արդյոք աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ Արամյանն արձագանքեց․ «Եթե ես ձեզ հիմա ասեմ՝ վայ, գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից, դուք ինձ կհարգե՞ք»: