Մատչելիության հղումներ

«ՀՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին»․ Փաշինյան  


Նիկոլ Փաշինյան, Երևան, 25-ը ապրիլի, 2018 թ․

Այսօր երեկոյան կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կան բազմաթիվ հանրապետական պատգամավորներ, ովքեր իր հետ զրույցներում պատրաստակամություն են հայտնել, հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, «քվեարկել վարչապետի ժողովրդի թեկնածուի օգտին»:

Փաշինյանը հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է բանակցությունների ՀՀԿ-ի հետ, ոչ թե «դրա մի փոքրիկ հատվածի»՝ հանձինս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի:

«Շատ է քննարկվում, թե իբր մենք հրաժարվել ենք բանակցություններից։ Ես ուզում եմ հստակ արձանագրել հետևյալը՝ այն ժամանակ, երբ նշանակված էր «Մարիոթ» հյուրանոցում ժամը 11-ին մեր բանակցությունները, մեզ զանգում էին հանրապետական պատգամավորներ և ասում էին, որ «խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում»։ Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատի քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը՝ Ազգային ժողովի նախագահ, և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ինչո՞ւ համար ենք այս առաջարկն արել՝ որովհետև մենք ուզում ենք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության և ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ։ Այսօր էլ քիչ առաջ ինձ մոտեցան Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորների ներկայացուցիչներ և պաշտոնապես ասեցին, որ այդ պատգամավորները պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին։ Այնպես որ մենք չենք պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել, մենք պատրաստ ենք բանակցությունների, և այդ բանակցություններն, ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերվեն իշխանության անկախ և անցնցում փոխանցմանը», - հայտարարեց Փաշինյանը։

«Ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ ապրիլի 23-ի տոնախմբությունից ու 24-ի հիշատակի արարողությունից հեոտ մոռացել է, թե ինչի համար էր հավաքվել: Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 25-ին մարդիկ դուրս չեն գա փողոցներ, բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում մի բան՝ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ անվերապահ և առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հաղթանակը», - հայտարարեց Փաշինյանը, հավելելով․ - «Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի միանշանակ և անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»:

«Ուզում եմ հստակ զգուշացնել, որ եթե հանկարծ փորձ կարվի հանրապետական որևէ թեկնածուի նույնիսկ առաջադրել որպես վարչապետի թեկնածու, ուրեմն ժողովուրդը կշրջափակի Ազգային ժողովի շենքը, կառավարության շենքը, բոլոր կառավարական շենքերը: Ես այս պահից Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք: Ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի կարող համարձակվել կասկածի տակ դնել այս փաստը: Ով կասկածի տակ դնի, վերջում հրապարակային կխոստովանի իր սխալ լինելը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը», - ասաց ընդդիմադիր գործիչը:

Փաշինյանը նաև հայտարարեց, թե վերջին իրադարձությունները գնահատելով միայն ՀՀ օրենսդրության տեսակետից՝ իրավաբանները հանգել են այն եզրակցության, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահից սկսած՝ նրա հետ հրաժարական է տվել նաև ողջ կառավարությունը, այսինքն՝ «այսօր չկա ոչ մի գործող պաշտոնյա, բոլորը հրաժարականի մեջ են»:

Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց նա, ըստ Փաշինյանի, ընդամենը կարող է լինել միայն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, հակառակը պնդելը «քրեական հանցագործություն է»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, թե Կարապետյանն այսօր հրավիրել է ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել: Մի՞թե երկարամյա պաշտոնյա Սերժ Սարգսյանը չէր կարող դա «ֆայմել», որ հիմա «դու սատանի մայլում քյանդրբազ ես խաղում», դիմելով Կարապետյանին՝ իր ելույթում ասաց Փաշինյանը:

«Լուրեր են տարածվում, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծել է և դառնալու է ՀՀ վարչապետ: Ես կոչ եմ անում նման սադրիչ տեղեկություններ չտարածել, քանի որ այսօր հանդիպել եմ Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների հետ և ստացել հավաստիացումներ, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին:

Եվ իհարկե՝ կան որոշ մարդիկ, բիզնեսմեններ, որոնք իրենց համարում են Կարապետյանի աջակիցը, փորձելով իրենց տեսակետը ներկայացնել որպես Մոսկվայի տեսակետ: Ես դիմում եմ այդ մարդկանց՝ Հայաստանը վարձակալության հանած առևտրի կենտրոն չէ, չհամարձակվե՛ք Հայաստանին վերաբերվել որպես վարձակալության տրվող տարածքի, դա չի ներվի որևէ մեկին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում նա նաև ասաց․ - «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Սերժ Սարգսյանը մինչև այսօր ոչ միայն Հայաստանում է, այլև, ինչպես խոստացել ենք, նրա նկատմամբ հաշվեհարդարի, վենդետայի փորձ չի եղել: Սա նշանակում է, որ Սարգսյանն ինքն էլ հասկանում է, որ սա ժողովրդական, ոչ բռնի ու այնպիսի հեղափոխություն է, որի նպատակը վրեժխնդրությունը չէ, այլ՝ օրինակությունը, արդարությունը, ազգային միասնությունն ու համաձայնությունը:

Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չի մտածում Հայաստանը լքելու մասին, և ճիշտ է անում, ուրեմն այդ ի՞նչ գործարար է, որ նման սուտ լուրեր է տարածում: Որևէ մեկը Հայաստանում ահաբեկված չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG