ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով այսօր արտահերթ նիստ է հրավիրել

ՄԱԿ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպաններ Վասիլի Նեբենզյան և Նիկի Հեյլին ողջագուրվում են Անվտանգության խորհրդի նիստից առաջ, Նյու Յորք, 10-ը ապրիլի, 2018թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ Ռուսաստանի խնդրանքով քննարկելու «միջազգային խաղաղությանը սպառնալիքը» ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայում հնարավոր օդային հարվածների դեպքում:

«Առաջնահերթ խնդիրն է կանխել պատերազմի վտանգը», - հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը, ընդգծելով՝ «չեն կարող բացառել» այդ օդային հարվածների վերածումը ավելի լայն հակամարտության։

Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «բավականին շուտ» որոշում կայացնել Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունների մասին: Նա ասել է, որ իր խորհրդականների հետ հանդիպումներ է անցկացնում՝ քննարկելու ԱՄՆ-ի պատասխանը սիրիական Դումա քաղաքում ապրիլի 7-ի ենթադրյալ քիմիական հարձակմանը, որի հետևանքով, ըստ մարդասիրական կազմակերպությունների, շուրջ յոթ տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ:

Թրամփը քննադատել է Ռուսաստանին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար: Նա Թվիթերում գրառմամբ Ռուսաստանին զգուշացրել էր մոտալուտ հրթիռային հարձակման մասին, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ Սիրիայում հարձակման ժամկետներ չի սահմանել:

Պաշտոնական Դամասկոսը և Մոսկվան հերքում են Դումայում քիմիական հարձակման մասին պնդումները: