ՌԴ-Արևմուտք դիվանագիտական վեճը սաստկանում է, Մոսկվան ևս դիվանագետներ է արտաքսում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանում է լրագրողների հարցերին, Մոսկվա, 29-ը մարտի, 2018 թ․

Ռուսաստանն արտաքսում է այն երկրների դիվանագետներին, որոնք, ի աջակցություն Մեծ Բրիտանիայի, ավելի վաղ արտաքսել են ռուս դիվանագետների։ Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Մոսկվան, մասնավորապես, ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատանն աշխատող 58 դիվանագետների արտաքսման որոշում է կայացրել, կարտաքսվեն նաև Եկատերինբուրգում ամերիկյան հյուպատոսության երկու դիվանագետ։ Ռուսաստանում փակվելու է նաև Սանկտ Պետերբուրգում գործող ԱՄՆ հյուպատոսությունը։

Ամերիկացի դիվանագետները Ռուսաստանից պետք է հեռանան մինչև ապրիլի 5-ը, իսկ Սանկտ Պետերբուրգում Միացյալ Նահանգների հյուպատոսությունը փակվելու է առաջիկա երկու օրերի ընթացքում: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ արդեն այսօր Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսության շենքից աշխատակիցներն արկղերով իրենց իրերն էին տեղափոխում։ Հիշեցնենք՝ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին ավելի վաղ հայտարարել էր 22 երկիր, այդ թվում՝ ԵՄ անդամ մի շարք երկրներ, Միացյալ Նահանգները, Կանադան, Նորվեգիան, Ալբանիան, Մակեդոնիան և Ուկրաինան։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ մեկ ռուսաստանցի դիվանագետի, ով աշխատում է Թբիլիսիում շվեյցարական դեսպանատանը, արտաքսելու է նաև Վրաստանը։ «Արտգործնախարարությունը կիսում է Միացյալ Թագավորության և միջազգային հանրության դիրքորոշումը Սկրիպալների թունավորման հարցում»,- մասնավորապես, ասված է պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրությունում։

2008-ին տեղի ունեցած ռուս-վրացական 5-օրյա պատերազմից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։ Այսպիսով՝ ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից արտաքսվել կամ արտաքսվելու են ռուսաստանցի 141 դիվանագետներ։

Ռուսաստանցի նախկին լրտես՝ 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը՝ Յուլիային մարտի 4-ին թունավորել էին «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ նյութով։ Լոնդոնը պնդում է, որ դա սպանության փորձ էր, որի պատասխանատուն Կրեմլն է։ Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։ ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը երեկ «անհիմն և չարդարացված» է որակել ամերիկացի դիվանագետներին արտաքսելու և Սանկտ Պետերբուրգում Միացյալ Նահանգների հյուպատոսությունը փակելու՝ Մոսկվայի որոշումը։

«Նման քայլով Ռուսաստանը ցույց է տալիս, որ շահագրգիռ չէ կարևորագույն խնդիրների շուրջ Միացյալ Նահանգների հետ համագործակցության հարցում»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը, ընդգծելով՝ Վաշինգտոնի քայլերը հիմնավորված էին Սկրիպալի գործով։ Այսօր ամերիկյան NBC հեռուստաընկերությունը հայտնել է, որ մարտի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը Պուտինին ասել է՝ եթե ուզում եք մրցավազք սկսել մեզ հետ, մենք պատրաստ ենք, բայց դուք տանուլ կտաք: Նշենք, որ ԱՄՆ ռազմական բյուջեն գերազանցում է 700 միլիարդ դոլարը, մինչդեռ Ռուսաստանի ռազմական բյուջեն 50 միլիարդից պակաս է։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այդ տեղեկությունը, նշելով, թե Պուտինի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահը նման բան չի ասել: Կրեմլի խոսակը նաև ընդգծել է՝ Մոսկվան երբեք չի հրապարակում երկրների ղեկավարերի միջև տեղի ունեցած գաղտնի զրույցը։

Նշենք նաև, որ ապրիլի 1-ից ռուսական «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերությունը դադարեցնելու է իր աշխատանքները Վաշինգտոնում։ Այս մասին գրառում է արել հեռուտաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ընդգծելով՝ սա պայմանավորված էր նրանով, որ մատակարար ընկերությունը, որը հեռարձակում է իրենց ծրագրերը Վաշինգտոնում, ՀԸ-ի՝ արտասահմանյան գործակալի կարգավիճակ ստանալու պատճառով հեռացվել է հեռարձակման ցանցից: