Երևանում բացվեց «Գողացված Վրուբելի վերադարձը» ցուցահանդեսը

23 տարի առաջ՝ 1995 թվականին Երևանի Ռուսական արվեստի թանգարանից գողացվել էր 19-20-րդ դարերի ռուս ականավոր գեղանկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» հանրահայտ նկարը:

Մինչև այժմ անհայտ հանցագործը կամ հանցագործները վաղ առավոտյան, լուսաբացին կոտրել էին թանգարանի վանդակապատ պատուհանը և, թափանցելով թանգարան, գողացել նկարը, որն ի վերջո՝ դեպքից 22 տարի անց հայտնաբերվեց Ռուսաստանում և վերադարձվեց Հայաստան:

Հիշեցնենք, որ այս նկարի հայտնաբերման և Հայաստան վերադարձնելու մասին հայտարարեցին Ռուսաստանի և Հայաստանի նախագահները անցյալ տարի Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Այսօր Ռուսական արվեստի թանգարանում «Գողացած Վրուբելի վերադարձը» խորագրով բացված ցուցահանդեսում կրկին ներկայացվում է Միխայիլ Վրուբելի այս հանարահայտ գործը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը պատմեց, որ նկարը ստեղծվել է 1891-ին՝ Լերմոնտովի մահվան 50-ամյակի կապակցությամբ հրատարակվող նրա ստեղծագործությունների լիակատար ժողովածուի՝ մասնավորապես «Դևը» պոեմի նկարազարդման համար․ - «Շուրջ 36 նկարազարդում է կատարում Միխայիլ Վրուբելը այդ ժողովածուի համար»:

Այդ 36 նկարներից պոեմի նկարազարդման համար տասնմեկն է ընտրվել, որոնցից վերջինն էլ հենց Երևանի ռուսական թանգարանում պահվող «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարն է․ - «Սյուժետային այն պահն է, որտեղ դևը համբուրել է Թամարային, և հրեշտակը փրկում է և տանում է: Միխայիլ Վրուբելի ստեղծագործություններից թանգարանը ունի չորս գործ, որոնցից մեկը այս գլուխգործոցն է: Գտնվելուց հետո նկարը շատ վատ վիճակում էր, չորս առանձին մասերի էր բաժանված, բզկտված: Տրետյակովյան պատկերասրահը հանձն է առնում վերականգնել մինչ վերադարձնելը: Պետք է նշեմ, որ դա վերածնունդն է նկարի, քանի որ այդ մակարդակով վերականգնում Հայաստանում հաստատ հնարավոր չէր․․․ Նոյեմբերին Ռուսաստան - Հայաստան մշակույթի օրերին շրջանակներում նկարը Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում հանձնվեց մեր նախագահին»:

Մարինե Մկրտչյանի խոսքով, Վրուբելի այս նկարը նախ ձեռք է բերել 20-րդ դարասկզբի ռուս հայտնի ձեռնարկատեր և մեկենաս Սավվա Մամոնտովը, որը հետո նկարը նվիրել է այն ժամանակվա անվանի բալետային պարուհի Եկատիրինա Գելցերին: Հետո այն ձեռք է բերել բժիշկ, կոլեկցիոներ Արամ Աբրահամյանը, ում հավաքածուի հիման վրա 1984 թվականին ստեղծվել է Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Թանգարանում պահվում է19-20-րդ դարերի ռուս ամենահայտնի նկարիչների բարձրաժեք ստեղծագործություններ:

Նշենք նաև, որ Արամ Աբրահմյանը 1918-20 թվականներին մասնակցել է Սարիղամիշի, Կարսի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի կռիվներին, եղել է նաև Սարդարապատի ճակատամարտի մասնակիցը:

Հավելենք, որ միայն այսօր Ռուսական արվեստի թանգարանում կազմակերպված չափազանց ուշագրավ ցուցադրությամբ չէ, որ նշանավորվում է Վրուբելի ստեղծագործության վերադարձը Հայաստան: Վաղը թանգարանում հանդիպում է կազմակերպված նկարը վերականգնող մասնագետի հետ, երկու օր անց էլ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվեն հատվածներ Ռուբինշտեյնի հանրահայտ «Դևը» օպերայից:

«Լերմոնտով, Ռուբինշտեյն և Վրուբել: Այստեղ մենք միասին ներկայացնում ենք երեք հանճարներին, և դրսի թանգարանների հետ համագործակցելով՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվայի Վախրուշինի անվան թատերական թանգարան, Կիևի Ազգային թանգարան, հավաքել ենք մնացած 11 նկարները՝ թվային տարբերակով․․․ 3Դ անիմացիա: Պետք է նշեմ, որ շատ կարևոր է երկու մշակութային հաստատությունների համագործակցությունը՝ թանգարանի և Ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի: Դա նաև առաջին փորձն է համատեղ ներկայացման», - եզրափակեց Մարինե Մկրտչյանը: