Մատչելիության հղումներ

Հայաստանին վերադարձված Միխայիլ Վրուբելի աշխատանքը կցուցադրվի Ռուսական արվեստի թանգարանում


Armenia -- Armenian and Russian Presidents Sargsyan and Putin in in Moscow. 15Nov., 2017
Armenia -- Armenian and Russian Presidents Sargsyan and Putin in in Moscow. 15Nov., 2017

Կասկադի հարևանությամբ գտնվող Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է 1979 թվականին, բայց սկսել է գործել 1984 թվականից՝ ռուսաստանաբնակ հայ բժիշկ Արամ Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածույի նվիրաբերությունից հետո:

Թանգարում ներկայացված են 19-20-րդ դարերի ռուսական կերպարվեստի հայտնի անունների ավելի քան 400 ստեղծագործություններ, որոնց թվում և ռուս հանրահայտ գեղանկարիչներ Սերովի, Կորովինի, Վրուբելի, Ռերիխի և այլոց աշխատանքները:

Վերջին տարիներին թանգարանն ակտիվորեն համագործացում է Թանգարանների միջազգային կոմիտեի՝ ԻԿՕՄ-ի հետ, բազմաթիվ ծրագրեր իրականացնում, որոնց արդյունքում, ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտում էր թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, կրկնակի ավելացել է այցելուների քանակը:

Հատկապես այս տարի, Մկրտչյանի խոսքով, թանգարանը մի քանի ուշագրավ հաջողություններ է գրանցել․ - «Տարին շատ կարևոր և բուռն էր: Նախ, թանգարանը սկսեց իր գործունեությունը Մոսկվայում՝ Իմպրեսիոնիզմի թանգարանում ցուցահանդեսի բացմամբ, ինչը շատ կարևորում եմ: Խորհրդային կարգերի փլուզումից հետո առաջին անգամ թանգարանը, որպես առանձին թանգարան համագործակցեց Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանի հետ, և այնտեղ բացվեց հայկական իմպրեսիոնիզմին նվիրված ցուցահանդես, որտեղ մասնակցեց նաև Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից վեց աշխատանք: Երկուսը Եղիշե Թաթևոսյանի ստեղծագործություններն էին, իսկ չորս աշխատանքները նվիրված էին ռուս հեղինակներին, որոնք ցույց էին տալիս երկու թանգարանների միջև համագործակցությունը՝ Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի և Երևանի ռուսական արվեստի թանգարանի»:

Տարվա ընթացքում Երևանում նույնպես մի շարք ուշագրավ ցուցադրություններ են ունեցել։ Դրանցից Մարինե Մկրտյանը առանձնացնում է հետևյալը․ - «Մենք բացեցինք երկու անգամ մեկ աշխատանքի ցուցահանդես՝ նվիրված Եղիշե Թադևոսյանի ստեղծագործությանը: Եվ Թանգարանային գիշերը բացեցինք «Բույր, պատկեր, հիշողություն» ցուցահանդեսը, որը հասարակության բոլոր խավերին էր հետաքրքրում, և որը նվիրված էր ռուսական օծանելիքի պատմությանը, սրվակներին, որոնք նկարազարդվել էին հայտնի հեղինակների կողմից: Ցուցահանդեսային գործունեությունը իր ավարտը ունեցավ Կարապետ Գյոկչակյանի ցուցահանդեսով՝ նվիրված հեղինակի հարյուրամյակին: Հեղինակ, որը ապրել, ստեղծագործել է Մոսկվայում: Հավաքածուն թանգարանին տրամադրվեց Սանկտ Պետերբուրգի Ցարսկոյե Սելոյի Ժամանակակից արվեստի թանգարանը: Դա համատեղ ցուցահանդես էր»:

Մարինե Մկրտչյանն ընդգծում է նաև, որ ցուցահանդեսներին զուգընթաց հասարակության տարբեր խավերը ներգրավվող բազմաթիվ այլ, այդ թվում և կրթական ծրագրեր են իրականացրել թանգարանում այս տարի․ - «Արվեստին նվիրված ամառային դպրոց: Ամռան սեզոնին թանգարանը աշխատել է երկարժամյա գրաֆիկով: Մենք ունեցել ենք այցելությունների աճ, ընդլայնվել են թանգարանի կողմից առաջարկվող ծառայությունները: Մենք համագործակցում ենք տարբերի տիպի կազմակերպությունների հետ: Այս տարի, որդեգրելով արևմտաեվրոպական և ամերիկյան թանգարանների փորձը, մենք կազմակերպեցինք տանգոյի երեկոներ, արվեստին նվիրված դասախոսություններ, դաշնամուրային երեկոներ»:

Թանգարանի տնօրենը ասաց, որ թանգարանն այս տարի որպես նվիրատվություն ստացել է Նիկոլայ Նիկողոսյանի երեք ստեղծագործություն․ - «Մեր գիտաշխատողի համագործակցության արդյունքում նվիրվեց թանգարանին»:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրենը փոխանցեց, որ 1995-ին գողացված և այս ամիս Վլադիր Պուտինի կողմից Հայաստանին վերադարձված Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավն այժմ իրենց թանգարում է․ - «Շուտով՝ կա՛մ մինչև տարեվերջ, կա՛մ մինչև մարտ ամիս, կկազմակերպենք մեկ նկարի ցուցահանդես, և այդ նկարը կներկայացվի մեր արվեստասերներին: Ուզում ենք ներկայացնել նոր կոնցեպտով, նոր ասելիքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG