Հարավային Կորեան կոչ է անում Փհենյանին և Վաշինգտոնին ուղղակի երկխոսություն սկսել

Հարավային Կորեա - ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը և Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար Կիմ Յոնգ Չոլը Փհենչհանի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, 25-ը փետրվարի, 2018թ․

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինի պնդմամբ՝ Փհենյանն ու Վաշինգտոնը պետք է փոխադարձ քայլեր կատարեն` հետագա երկխոսության իրական հնարավորություն ստեղծելով:

«ԱՄՆ-ը պետք է նվազեցնի պահանջների այն նշաձողը, որ ներկայացվում է Փհենյանին, իսկ Հյուսիսային Կորեան պետք է քաղաքական կամք դրսևորի` ապացուցելով, որ պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից», - հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը:

Կիրակի օրը Մուն Ջե-ինը հանդիպել էր Փհենչանի Օլիմպիական խաղերի փակմանը ժամանած հյուսիսկորեական պատվիրակության անդամների հետ:

«Մենք Հյուսիսային Կորեա - ԱՄՆ երկխոսություն սկսելու բավարար ցանկություն ունենք», - հանդիպման ավարտին հայտարարել էր հյուսիսկորեական պատվիրակության ղեկավար գեներալ Կիմ Յոնգ Չոլը: