«Ես եմ» ծրագրով ծառայության անցած նորակոչիկները զինվորական երդում են տվել

Լուսանկարը՝ ԼՂ ՊԲ մամուլի ծառայության

«Ես եմ» ծրագրով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակ զորակոչված նորակոչիկները այսօր զինվորական երդում են տվել:

Ասկերանի տանկ-հուշարձանի մոտ այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ այցելած Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Շնորհավորելով օրվա հերոսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսա իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլև դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների», - ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:

«Դուք այսօրվանից անվտանգության կրողներից դառնում եք անվտանգության երաշխավորներ ողջ պետության ու հասարակության համար: Դուք մեկ քայլ առաջ եք կատարել ձեր հասակակիցներից, կայացրել եք բարդ որոշում, իսկ նման որոշում կայացնելը միշտ տարբերում է առաջնորդին, գերազանցիկին ու հաջողակ մարդուն միջակությունից: Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն, ոգու հաղթանակ, հաղթանակ ձեր բոլոր մտահոգությունների նկատմամբ, հաղթանակ, որը ձեր մտերիմներին ու հարազատներին ևս մեկ անգամ կապացուցի, որ ձեր ընտրությունը ճիշտ էր և իմաստավորված», - Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Վիգեն Սարգսյանը:

Երդման արարողության ավարտից հետո, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ, որտեղ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ: