Մատչելիության հղումներ

«Ես եմ» զինվորական ծառայության նոր ծրագրին արդեն 120 նորակոչիկ է դիմել: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ Ըստ նրա՝ պայմանագրով երեք տարի ծառայության մեկնող զինվորների համար հատուկ ստորաբաժանում կստեղծվի։

«Պատրաստության ամբողջ ծառայության ընթացքում իրենք առանձին են ծառայելու, որովհետև իրենց ծառայության վայրը, ծառայության ձևը տարբերվում է մնացած զինծառայողների ծառայությունից», - ասաց Հակոբյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն, բանակ զորակոչվելու նոր՝ ժամկետային-պայմանագրային ծրագրով որոշակի արտոնություններ կտրամադրվեն զինծառայողին։ Ծառայության ավարտին էլ նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 միլիոն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` մատչելի բնակարան, մինի-ֆերմա և ուսման վարձի փոխհատուցում: Փոխարենը, զինվորը առաջնագծում կծառայի երեք տարի։ Ծրագիրն այս տարի առաջին անգամ փորձնական է ներդրվել։

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը վստահ է՝ հետագայում «Ես եմ»-ին դիմողների թիվը կմեծանա։

«Ծրագրի հենց նպատակը կամավորության սկզբունքն է: Մենք ընդամենը տեղեկատվություն տարածելու միջոցով փորձում ենք բոլորին իրազեկ պահել, մնացածը արդեն կամավորության սկզբունքի միջոցով յուրաքանչյուր նորակոչիկ ինքը կընտրի, թե իր համար որն է ավելի նախընտրելի ծառայության տեսակ», - ասաց Զաքարյանը՝ շարունակելով․ - «Հիմա մենք, իհարկե, շահագրգիռ ենք, որ «Ես եմ» ծրագիրը հաջողվի, որովհետև «Ես եմ» ծրագիրը բավականին գրավիչ կարող է լինել հետագա տարիների համար, և վստահ եմ, որ հետագա տարիների համար շատ ավելի ընտրողներ են լինելու ծրագրի էդ տեսակը, ուղղակի փորձարարական փուլում բոլորը դեռևս մի փոքր ուզում են հասկանալ, թե ինչքանով է դա կիրառական փուլում ավելի գրավիչ»:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, սակայն, կարծում է, որ ծրագրի մասնակիցների թիվը կավելանա երկրի սոցիալական ծանր վիճակի պատճառով։ Պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքի պահպանման համար պայքարող Պետրոսյանի խոսքով՝ ծրագիրն ավելի շատ կնպաստի բանվորագյուղացիական բանակ ունենալուն, քան բանակում կրթության զարգացմանը։ Նա կարծում է՝ դիմողների մեծ մասն այդ գումարը գյուղատնտեսական ծրագրերի վրա կծախսի։

«Հաշվի առնելով մեր սոցիալական վիճակը երկրի՝ աղքատության մակարդակը, ուրբանիզացիան կամ գյուղատնտեսության վիճակը, շատ նորմալ է, որ «Ես եմ»-ին պետք է մարդիկ ավելի շատ դիմեն, որովհետև «Ես եմ»-ը հենց նախատեսված է ավելի շատ այն մարդկանց համար, դե էդ 5 միլիոն դրամը պետք է նայել՝ ինչին է տրվում՝ տրվում է կրթությանը, գյուղատնտեսության համար և բնակարան գնելու համար: Բնակարան ես չգիտեմ՝ ինչպես 5 միլիոնով պետք է գնեն, կրթությանը՝ հետազոտություն այդպես էլ չբերվեց, թե մարդիկ, օրինակ, 21 տարեկան տղան որ գա բանակից, որքան է մեծ հավանականությունը, որ նա ընդունվելու է համալսարան, մնում է հիմնականում գյուղատնտեսական ոլորտը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

«Ես եմ» ծրագրին Շիրակի մարզից հինգ նորակոչիկ է դիմել։ Նրանցից Հայկ Խաչատրյանը սկզբում որոշել է նոր ծրագրին մասնակցել, հետո միտքը փոխել է։

«Փոշմանել եմ երևի, չիդեմ, չեմ ուզում: Եկա տուն, մամայենց հետ, բան, սաղ ընտանիքով քննարկեցինք, երևի, չիդեմ, չեմ ուզում: Գնամ զինկոմ, մի բան անեմ, նայենք՝ կփոխվի՞: Չիդեմ, փոշմանել եմ, որ ընտրել եմ, չիդեմ, չեմ ուզե մե տեսակըմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Երեք տարի հետո չիդեմ ինչ կլնի, սովորական գնամ, նորմալ ծառայեմ, էտի ավելի լավ ա երևի: Ես արտոնություններ ունեի, որ Հայաստան էի ծառայելու՝ 150 կիլոմետր, բայց գնացի, ասեցին, որ չկա էլ, վերացել է, դրա համար էլ չիդեմ՝ ինչ մտավ մեջս, ասեցի, որ ․․․ չմտածեցի, առանց մտածելու որոշում ընդունեցի, որ էդ «Ես եմ»-ը վերցնեմ, բայց փոշմանել եմ հիմա»:

«Մաման հաշմանդամ է, հայրս մահացած է», - արձագանքեց երիտասարդը հարցին, թե ինչու է իրեն արտոնությունը տրվել:

Մյուս դիմողները հստակ որոշել են, որ «Ես եմ»-ի մասնակից են դառնալու։ Յուրաքանչյուրը երեք տարի ծառայելու իր պատճառներն ունի, մասնավորապես, ինչպես «Ազատության» հետ զրույցներում ասացին․

«Եթե էդ ծրագիրը պայմանագրային է, ուրեմն, իմ կարծիքով, ավելի լուրջ մարդիկ կմասնակցեն էդ ծրագրին, ով գիտակցել ա, որ կերթա սահման կայնելու համար․․․»:

«Երեք տարուց հետո շատ բաների օգտակար կեղնիմ: Հարցը միայն էդ գումարը չէ, հարցը էն է, որ ես կկարողանամ հետո իմ կյանքը շարունակեմ էդ ուղով․․․»:

«Ես գիդեմ ուր կերթամ և ինչի կերթամ․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG