Երևանի ավագանու «Ելք» խմբակցություն․ Լրագրողները պետք է ներկա լինեն նիստերի դահլիճում

Երևանի քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետարանում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի շուրջ քննարկումներին ընդառաջ՝ մայրաքաղաքի ավագանու «Ելք» խմբակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումը քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ:

Այսօր տարածած հայտարարությունում ընդդիմադիր խմբակցությունը թվարկում է այդ սկզբունքները․ - «Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է; նիստերի լուսաբանման ընթացքում ԶԼՄ-ների տեսախցիկների հասանելիությունը նիստերի դահլիճի ողջ երկայնքով; Երևանի ավագանու նիստերի հեռարձակում ուղիղ եթերով՝ ապահովելով դրա անխափանություն; ավագանու անդամի հրավերով քաղաքապետարանի վարչական շենք լրագրողի երաշխավորված մուտքի իրավունք»:

«Վերոգրյալ սկզբունքները բխում են ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից: Սույն սկզբունքներին հակասող որևէ որոշման կամ գործողության դեպքում Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը կգործի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի համապատասխան (Ավագանու անդամն իրավունք ունի ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները)», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ վերջերս Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից հետո քաղաքապետարանի լրատվության վարչության պետը հայտարարել է, թե ավագանու հաջորդ նիստին ու դրանից հետո ևս լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել նիստերի դահլիճում։