«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Կիզլյարի ահաբեկչության պատասխանատվությունը

Ռուսաստան, Դաղստան - Կիզլյարի ուղղափառ եկեղեցին, արխիվ

«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը ստանձնել է Դաղստանի Կիզլյար քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով իսլամիստների հսկողության ներքո գործող Amaq կայքը:

Երեկ Կիզլյարի ուղղափառ եկեղեցու մերձակայքում, Բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ, կատարված զինված հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս հինգը` վիրավորվել: Պատասխան կրակահերթերի արդյունքում ահաբեկիչը ևս սպանվել է:

Դաղստանի ոստիկանության տվյալներով՝ հարձակման հեղինակը հանրապետության 22-ամյա բնակիչ Խալիլ Խալիլովն էր: