Մատչելիության հղումներ

Կիզլյարի եկեղեցու բակում զինված անձը կրակ է բացել քաղաքացիների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ


Ռուսաստան, Դաղստան - Կիզլյարի ուղղափառ եկեղեցին, արխիվ
Ռուսաստան, Դաղստան - Կիզլյարի ուղղափառ եկեղեցին, արխիվ

Դաղստանի Կիզլյար քաղաքում երիտասարդը, ում անունը Ռուսաստանի իրավապահ մարմինները դեռ չեն հրապարակում, երեկ՝ փետրվարի 18-ին, ժամը 16-ի սահմաններում քաղաքի ուղղափառ եկեղեցու բակում որսորդական հրացանով կրակ է բացել Բարեկենդանը տոնող քաղաքացիների ուղղությամբ։

Ականատեսների վկայությամբ, երիտասարդը զինված է եղել նաև դանակով և հարձակման պահին բացականչել է «Ալլահ աքբար»։

Միջադեպի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու ոստիկան։

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են նաև հարձակման տեսաձայնագրությունը, որում լսվում են կրակոցներ և երկու կանանց ձայն. - «Կրակոցներ են, արդեն երրորդ կինն է..., խեղճ կին, սարսափելի է, շտապօգնություն, շտապ եկեք եկեղեցի, այստեղ կրակոցներ են»։

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ահաբեկիչը, ում իրավապահ մարմինները սպանել են, տեղացի է, անունը, սակայն, պաշտոնապես չի հրապարակվում։

РБК-ն, վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը, գրում է, որ ահաբեկիչը Դաղստանի Կիդերո գյուղի 22-ամյա բնակիչ Հալիլ Հալիլովն է։

Երեկ ռուսական աղբյուրները հայտնել են, որ երիտասարդը հարում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ «Իսլամական պետություն»-ը ավելի ուշ ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։

Կիզլյարի քաղաքապետ Ալեքսանդր Շուվալովը ТАСС-ին պատմել է, որ բոլոր տուժածները դուրս էին գալիս եկեղեցուց։

Ուղղափառ եկեղեցում տեղի ունեցածը Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը մահմեդականներին և քրիստոնյաներին պառակտելու նպատակ ունեցող հրեշավոր հանցագործություն է որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG